Մատչելիության հղումներ

Պոլսո հայոց պատրիարքի ելույթը Ջորջթաունի համալսարանում չի կայացել


Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի` երեկ ծրագրված ելույթը Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի աստվածաբանական կենտրոնում անորոշ ժամանակով հետաձգվել է, ըստ պաշտոնական պարզաբանման` տեխնիկական պատճառներով: Այդուհանդերձ, ինչպես պնդում է թուրքական մամուլը, իրական պատճառը ամերիկահայ համայնքի կողմից ճնշումներն են:

Մեսրոպ պատրիարքի` «Թուրքերի եւ հայերի միջեւ փակուղին պետք է ճեղքվի» թեմայով ելույթի նախաձեռնողներից էր վաշինգտոնաբնակ թուրքերի հիմնած «Ռյումի ֆորում» կազմակերպությունը, որի նպատակն է միջկրոնական եւ միջմշակութային երկխոսության խթանումը:

«Զաման»-ը նշում է, որ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը Պոլսո հայոց պատրիարքի այցի առնչությամբ նամակ էր հղել ԱՄՆ-ի Կոնգրեսի բոլոր անդամներին: Նամակը, ինչպես հայկական մամուլին տեղեկացրել է Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, շեշտում է հետեւյալը. - «Պատրիարքը, ինչպես եւ Թուրքիայի կրոնական բոլոր փոքրամասնությունների բոլոր առաջնորդները, ապրում է թուրքական կառավարության խտրական եւ վրեժխնդիր քայլերի մշտական ահի մեջ, կառավարություն, որը հետապնդում է մարդու իրավունքների եւ այլ «զգայուն» թեմաների շուրջ ազատորեն արտահայտվողներին: Որպես փաստացի պատանդ` պատրիարքը, ում կյանքը բազում առիթներով վտանգի տակ է եղել, ինչպես եւ անցյալում` պարտադրված է լինելու հետեւել թուրքական կառավարության ուղեգծին: Հիրավի ամոթալի է, որ Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը խոչընդոտելու այս վերջին փորձում Թուրքիան դիմում է պարտադրանքի` ցինիկորեն օգտվելով իր հոտի անվտանգության համար Մեսրոպ պատրիարքի մտահոգությունից»:

Թուրքական նույն պարբերականին օրերս տված հարցազրույցում Պոլսո պատրիարքը իր բացասական վերաբերմունքն էր հայտնել ամերիկյան Կոնգրեսի զույգ պալատներում շրջանառվող` Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերի նկատմամբ, հայտարարելով, մասնավորապես, թե դրանք «խափանում են ինչպես թուրք ժողովրդի եւ թուրքահայերի, այնպես էլ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները»:

«Թրքիշ դեյլի նյուս»-ի փոխանցմամբ, Պոլսո պատրիարքը եւս չի բացառել, որ Ջորջթաունի համալսարանում իր ելույթի հետաձգումը ամերիկահայ համայնքի կողմից ճնշումների հետեւանք է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG