Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի խմբագրականը, անդրադառնալով դաշնակցական գործիչ Արմեն Ռուստամյանի հնչեցրած այն մտքին, թե իրենք էլ հիշելու շատ բան ունեն, եւ եթե ՀՅԴ-ին ինչ-որ բանում մեղադրեն, ապա իրենք 2-3 անգամ ավելի շատ մեղադրելու բան ունեն, գրել է. - «Հարգելի ընկերներ, բա ինչպե՞ս եք դուք այսքան տարի հանգիստ ապրել ու խաղաղ գոյակցել ձեր կոալիցիոն գործընկերոջ հետ` ստույգ տեղեկություններ ունենալով նրանց հանցավոր մեղքերի մասին: Ինչո՞ւ եք լռել եւ ինչո՞ւ չեք դիմել համապատասխան մարմիններին ձեզ քաջ հայտնի մեղքերի համար ձեզ նույնչափ հայտնի մեղավորներին պատժելու նպատակով: Մի՞թե դուք չգիտեիք, որ ձեր կողմից հավանաբար հարգված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իմանալ-չհայտնելը քրեորեն պատժելի է»: «Ի դեպ, այս համատեքստում չէր խանգարի մի հարց էլ ՀՀԿ-ին ուղղել. հարգելի նժդեհականներ, ընդունո՞ւմ եք արդյոք, որ մեղքեր ունեք, կամ մտադի՞ր եք հակադարձել զրպարտությանը, եթե մաքուր եք նորածնի պես», - հավելում է խմբագրականը:

«Ազգ» օրաթերթը, անդրադառնալով «Նոր ժամանակներ» կուսակցության տարածած հաղորդագրությանը, թե կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը ձեռք է բերել «Զարուհի» հրատարակչական տան բաժնետոմսերի 25 տոկոսի կառավարման իրավունքը, նշում է, որ այս ընկերությունն է հրատարակում «Արգումենտի ի ֆակտի», «Կոմսոմոլսկայա պրավդա», նաեւ «Իսկական իրավունք» թերթերը: «Այս գործարքի մեջ զարմանալին այն է, որ փաստորեն Կարապետյանը փորձում է վերահսկողություն սահմանել «Իսկական իրավունք» թերթի նկատմամբ, որը պատկանում է Հայկ Բաբուխանյանին, իսկ հայտնի է, որ երկու այդ գործիչների հարաբերությունները, շատ մեղմ ասած, լավ չեն», - գրում է թերթը` հավելելով. - «Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ նրանք հարաբերությունների ինչ-որ ընդհանուր եզրեր են գտել, թե՞ ուղղակի խոսքը լրատվամիջոցներ ձեռք բերելու փորձի մասին է»:

Անկախության խորհուրդը արժեվորելով, «Հայոց Աշխարհ» թերթն այսօր բանաձեւել է. . «Անկախությունը ե՛ւ քաղաքական կարգավիճակ է, ե՛ւ համապատասխան տնտեսական բազա, ե՛ւ բարոյահոգեբանական նոր ընկալումների համակարգ, ե՛ւ աշխարհում սեփական տեղի ու դրանից բխող անվտանգության ապահովման միջոցների եւ երաշխիքների ամբողջություն»։ «Անկախության օգտին քվեարկել ենք ազգովին, ուստի նրա հանդեպ ունեցած պատասխանատվությունը եւս կրում ենք ազգովին։ Եվ եթե ինքներս չկարողանանք տնօրինել մեր ճակատագիրը, ապա որպես ազգ ու պետականություն կզրկվենք հեռանկարից ու ապագայից», - եզրակացրել է թերթը։

«Անկախության հայկական տաբերակ» վերնագրի տակ «Տարեգիր» թերթի խմբագրականը շեշտադրել է. - «Պարադոքսալ մի երեւույթի ենք ականատես. այսօր հասարակությունն ավելի դժգոհ է անկախությունից, քան 90-ականների կեսերին, երբ իսկապես երկիրը նոր-նոր էր շտկում մեջքը: Այն ժամանակ անկախություն գտած մարդը հասկանում էր, որ իր կրած դժվարությունները հարկավոր էր ստորադասել այն ապագային, որը սպասվում է անկախ Հայաստանում մեծացող իր երեխային: Այսօր, սակայն, նա հասկանում է. կորսված է անկախության սերունդը, որովհետեւ ճաշակ թելադրողներն ու «կյանքի օրենքները» այն չեն, ինչի համար ինքը պայքարում էր դժվարությունների դեմ», - շեշտել-ամփոփել է խմբագրականը։

Իր հերթին «Հայք»-ի խմբագրականը հիշեցրել է. - «16 տարի առաջ սեպտեմբերի 21-ին շատերը վաղ առավոտյան շտապում էին ընտրատեղամասեր, ցանկանալով գոնե իրենց թաղում, գյուղում, ավանում առաջինը «Այո» ասել անկախությանը։ «Այսօր այս մարդկանց մի մասը հուսահատված է, մի մասն էլ իր երջանկությունը փնտրում է արտերկրում, սակայն, մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր հասկանում են, որ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի պատճառով չի կարելի խռովել անկախությունից։ Նրանք հասկանում են, որ անկախությունը օդ ու ջրի նման անհրաժեշտ է մեր ժողովրդին։ Իսկ ժողովուրդը իր անկախությամբ կսկսի հպարտանալ, երբ իր իսկ ձեռքով ընտրի երկրի նախագահին, խորհրդարանի անդամներին կամ գյուղապետերին», - եզրափակել է խմբագրականը։

Իր հերթին «Հայկական ժամանակ»-ը, մեկնաբանելով Ռուստամյանի հայտարարությունը, թե իրենք թեկնածուներից ոչ մեկի դեմ սեւ PR չեն անելու, եւ իրենց նախընտրական պայքարը կառուցելու են քաղաքական բանավեճի վրա, գնահատել է. - «Սա ծանր հարված է Սերժ Սարգսյանին, որովհետեւ դաշնակցական թեկնածուի առաջադրման պարագայում նա կարող էր մի շատ կարեւոր սփոփանք ունենալ՝ այն, որ Դաշնակցությունը իր վրա կվերցնի Լեւոն Տեր - Պետրոսյանի դեմ պայքարելու դրոշը, վերջինիս թիմն էլ ստիպված կլինի զբաղվել Դաշնակցությունով, իսկ ՀՀԿ թեկնածուն հանդես կգա խաղարարար առաջնորդի դերում։ Բայց նման բան կարծես թե տեղի չի ունենալու, որովհետեւ, ճիշտ է, ՀՅԴ-ն ու Տեր - Պետրոսյանը ժամանակին լուրջ պրոբլեմներ են ունեցել, բայց հիմա բոլորովին ուրիշ իրավիճակ է եւ վերը նշված ուժերը սկսել են իրար մի փոքր այլ կերպ ընկալել»։ «Եվ եթե նման կոմբինացիա իսկապես հնարավոր լինի ստեղծել», - ենթադրել է մեկնաբանը, - «Սերժ Սարգսյանը ընդհանրապես կարող է դուրս մնալ ընտրական կոնտեքստից, որովհետեւ ընտրողի գիտակցության մեջ կարող է երկու բեւեռ ձեւավորվել, որոնց մեջ նա պետք է ընտրություն կատարի՝ մի բեւեռը դաշնակցականն է, մյուսը՝ տերպետրոսյանականը»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG