Մատչելիության հղումներ

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, վարչապետի առաջարկությամբ, կառավարության անդամներին երեկ տեղեկատվություն է ներկայացրել ընթացիկ տարվա անցած 8 ամիսներին երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական ցուցանիշների վերաբերյալ:

«Վերջին մի քանի տարիներին առաջին անգամ հունվար - օգոստոս ամիսներին համախառն ներքին արդյունքի աճի տեմպը կազմել է բավականին մեծ ցուցանիշ», - կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Մնացականյանը: - «Ըստ 2007 թվականի սեպտեմբերի 20-ի դրությամբ շտապ հավաքագրված տվյալների ամփոփման, համախառն ներքին արդյունքի ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 651 միլիարդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճի տեմպը կամ հավելաճը կազմել է 13,6 տոկոս»:

Արդյունաբերության հավելաճը կազմել է 1,7 տոկոս, գյուղատնտեսության համախառն ապրանքի ծավալը աճել է 7,6 տոկոսով: Ամենացնցողը, սակայն, շարունակում է մնալ շինարարության աճը:

«Շինարարության ծավալը աճել է 19,6 տոկոսով», - հայտարարեց Մնացականյանը` շարունակելով. - «Մանրածախ առեւտրի շրջանառությունը աճել է 10,9 տոկոսով, ծառայությունների ծավալը` առանց առեւտրի, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ հավելաճ է ապահովել 19,7 տոկոսով: Բնակչության դրամական եկամուտները 2007 թվականի առաջին 8 ամիսներին կազմել են 1 տրիլիոն 215 միլիարդ դրամ, եւ հավելաճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ կազմել է 27,2 տոկոս»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG