Մատչելիության հղումներ

Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահ Գուրգեն Արսենյանը այսօր հայտարարեց, որ գալիք նախագահական ընտրություններում կուսակցությունը չի առաջադրի սեփական թեկնածու, այլ կպաշտպանի «ազատական գաղափարախոսություն կրող եւ ծրագրեր ունեցող թեկնածուին»:

Արսենյանը այսօր լրագրողներին հիշեցրեց, որ իր ղեկավարած կուսակցությունը քաղաքական այն ուժն է, որը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո «Սերժ Սարգսյանին է տվել իր վստահությունը որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու». - «Եվ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: Դա նշանակում է, որ Միավորված աշխատանքային կուսակցությունը գտել է, որ Սերժ Սարգսյանը կարող է իրականացնել այդ բարձր վստահությունը»:

ՄԱԿ-ը իր դիրքորոշումն ու նախագահի` իր նախընտրած թեկնածուի անունը կհրապարակի այն ժամանակ, երբ արդեն առաջադրված կլինեն թեկնածուները: Իրենց պաշտպանելիք թեկնածուն, Արսենյանի խոսքերով, պետք է ունենա «ազատական ծրագիր, բարեփոխումներին ուղղված ծրագիր, Հայաստանի Հանրապետության ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված ծրագիր»:

«Սոցիալիստական ուղղություն ունեցող որեւէ ծրագիր կամ որեւէ թեկնածու, որը կլինի այդ ծրագրի կրողը, չի ստանա մեր աջակցությունը», - հայտարարեց Արսենյանը` շարունակելով, թե ՀՅԴ-ն «սոցիալիստական գաղափարախոսություն կրող քաղաքական ուժ է». - «Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունը եւ գործադիր իշխանությունը այժմ առաջնորդվում է ազատական գաղափարախոսությամբ: Եվ իրականացնում է ազատական գաղափարախոսությունից բխող գործունեության ծրագիր»:

Նախագահի թեկնածուի վերաբերյալ քաղաքական որոշումը ՄԱԿ կուսակցությունը կայացնելու է նոյեմբերի առաջին կեսին:

Ազատական գաղափարախոսություն կրող թեկնածուի պաշտպանելու իրենց մտադրության մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում այսօր հայտնեցին նաեւ այլ կուսակցությունների ղեկավարներ:

Կոնկրետ անուններ, սակայն, ոչ ոք չնշեց` ասելով, թե դա կորոշվի առաջիկայում կայանալիք համագումարներում:

Այդպես ասացին, օրինակ, Հայաստանի ժողովրդավարական ազատական կուսակցության (ՀԺԱՄ) նախագահ Սեյրան Ավագյանը եւ խորհրդարանական ընտրություններում ստացած ձայների թվով վերջից չորրորդ տեղը զբաղեցրած Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) գլխավոր քարտուղար Լեւոն Մարտիրոսյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG