Մատչելիության հղումներ

DPA լրատվական գործակալությունը հաղորդում է Բոսնիայում տեղի ունեցած դրամայի մասին՝ կապված ինտերնետային ծանոթության հետ:

Զենիցա ավանի երկու բնակիչներ ծանոթացել են ինտերնետային զրույցների կայքէջում: Նրանք միմյանց գիտեին nickname-ով՝ համակարգչային ծածկանուններով, տղամարդը՝ «Պրինց Ռադոստի»՝ («Ուրախության արքայազն»), կինը՝ «Սլատկիցա» («Քաղցրիկ»):

Ինտերնետային շփումն աստիճանաբար վերաճել է լուրջ զգացմունքի: Նրանք խոստովանել են, որ ամուսնացած են, որ ձանձրացել են ամուսնական կյանքից, որ ամուսինները լավ, բայց եւ անհետաքրքիր մարդիկ են, եւ շատ են ափսոսում, որ ժամանակին չեն հանդիպել:

«Ես նորից սիրահարվել էի, դա մի աննկարագրելի բան էր, մտածում էի` վերջապես գտա նրան, ով ինձ հասկանում է, ով գտնվում է նույն վիճակում», - ասել է «Սլատկիցան»:

Ինտերնետային սիրավեպը տեւել է մի քանի ամիս: Նրանք սկսել են մտածել, թե արդեն եկել է հարաբերությունները հստակեցնելու եւ ինչ-որ կոնկրետ քայլ անելու ժամանակը:

«Սլատկիցան» եւ «Պրինց Ռադոստին» պայմանավորվել են հանդիպել, եւ Զենիցայի փողոցներից մեկում հանդիպել են ... ամուսինները՝ «Սլատկիցան»` 27-ամյա Սանան Կարիցը եւ «Պրինց Ռադոստին»՝ 32-ամյա Ադնան Կարիցը:

«Առ այս պահը չեմ հավատում, որ «Սլատկիցան»՝ ինձ այդքան քնքույշ խոսքեր ասած աղջիկը, որն ինձ այդքան լավ էր հասկանում, իրականում իմ կինն է, որն ինձ երբեք այդպիսի գեղեցիկ խոսքեր չի ասել», - խոստովանել է Ադնանը:

Բացահայտման արդյունքում Սանան եւ Ադնանը որոշել են բաժանվել: Հիմա այն կայքէջում, որտեղ «հանդիպել» եւ սիրահարվել են «Սլատկիցան» ու «Պրինց Ռադոստին», լուրջ քննարկումներ են՝ մարդիկ հորդորում են նրանց չբաժանվել. չէ՞ որ նրանք սիրել եւ հասկացել են միմյանց, չէ՞ որ երջանիկ են եղել՝ թեկուզ վիրտուալ տարածքում:

Այս պատմությունից հետո, թերեւս, համակարգիչների վրա պետք է գրել. - «Ինտերնետի սխալ օգտագործումը վտանգավոր է եւ կարող է հանգեցնել ընտանեկան ողբերգության»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG