Մատչելիության հղումներ

logo-print

«Մարզերի բնակիչների շրջանում արտագաղթի ձգտումը ավելի մեծ է»


Չեխական People in Need («Մարդիկ կարիքի մեջ») կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցչի պնդմամբ` Հայաստանում մարզերի բնակիչներ ավելի շատ են ձգտում արտագաղթել, քան երեւանաբնակները:

«Մայրաքաղաքում քիչ թե շատ աշխատաշուկա կա, իսկ մարզերում... գյուղերում ահավոր վիճակ է», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր Վանաձորում ասաց People in Need կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի «Ապօրինի միգրացիայի կանխարգելում» ծրագրի համակարգող Անուշ Համբարձումյանը:

Նրա խոսքերով, 2003 թվականից Հայաստանում գործող կազմակերպությունը հետեւում է արտագաղթի ծավալներին, վերլուծություններ անում, խորհրդատվություն տրամադրում արտագաղթողներին: Ծրագիրը համեմատաբար վերջերս է տեղափոխվել մարզեր. եղել են մի շարք համայնքներում եւ համոզվել, որ մարզերի բնակիչներն ավելի շատ են ձգտում արտագաղթել:

Համբարձումյանը ասաց նաեւ, որ մինչեւ 2000 թվականը մարդիկ ավելի շատ ձգտում էին դեպի եվրոպական երկրներ, իսկ այժմ` Ռուսաստան. - «Նախկինում ավելի շատ գնում էին բարձրագույն կրթություն ունեցող անձինք, իսկ հիմա` ավելի շատ միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցողները, արհեստավորները»:

«Մեր նպատակը ապօրինի միգրացիան կանխելն է», - ասաց նա` շարունակելով. - «Այսինքն` այդ մարդկանց ասել, թե ուր են գնում, եթե գնում են, ապա ինչ օրենքներ կան այդ երկրում, ինչ օրենքի շրջանակներում ինքը կարող է աշխատել...»:

People in Need կազմակերպության ներկայացուցիչները առաջիկա երեք օրերի ընթացքում կփորձեն պարզել արտագաղթի պատկերը Վանաձորում:

Վանաձորցիների շրջանում «Ազատություն» ռադիոկայանի փոքրիկ հարցումը, մինչդեռ, այնքան էլ մխիթարական չէ:

«Տուն կա՞, որ երկու հոգի կամ գոնե մի հոգի գնացած չլինի», - ասաց միջին տարիքի մի տղամարդ: - «Իմ եղբայրս է Ռուսաստանում, քույրիկս է Ռուսաստանում: Փող են ուղարկում, ապրում ենք: Ուրիշ հնարավորություն չկա, որովհետեւ աշխատանք չկա»:

«Քիմիական գործարանը բացել են, աշխատում են մարդիկ. չորս-հինգ ամսով փող չեն ստանում: Դա է բացված Պրոմեթեւսը», - ասաց մեկ այլ վանաձորցի:


Կարինե Սիմոնյան, Վանաձոր

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG