Մատչելիության հղումներ

Դաշնակցության հնարավոր երկու թեկնածուները «առողջ մրցակցութան» մեջ են լինելու


Հայ հեղափոխական դաշնակցության 11-րդ Գերագույն ժողովի որոշմամբ, կուսակցությունը սեփական թեկնածուով է մասնակցելու 2008-ի նախագահական ընտրություններին: Թեկնածուն, սակայն, կորոշվի միայն նոյեմբերին` կուսակցությունը ընտրություն կկատարի Արմեն Ռուստամյանի ու Վահան Հովհաննիսյանի միջեւ: Մինչ այդ, ինչպես այսօր հայտարարեց Ռուստամյանը, նրանց միջեւ կլինի «առողջ մրցակցություն»:

«Մրցակցություն դասական առումով գոյություն չունի. տարբերություններ կան միայն ոճի եւ մյուսի առումով», - լրագրողներին այսօր ասաց Արմեն Ռուստամյանը: - «Բայց այդ տարբերությունները այնքան չեն, որ անձնական բնորոշումների դաշտից դուրս գան եւ դառնան գաղափարական, ծրագրային, քաղաքական տարբերություններ... Այդ մյուս դաշտում մենք բացարձակ որեւէ տարբերություն չունենք: Եվ որեւէ մրցակցություն այդտեղ չունենք»:

Հարցին, թե ինչո՞ւ Դաշնակցությունը որոշեց սեփական թեկնածուով մասնակցել նախագահական ընտրություններին, Ռուստամյանը արձագանքեց. - «Կա մի տեսակետ, որը, դժբախտաբար, արդեն սկսում է շատ արմատներ գցել. դա այն է, որ հասարակության մեջ պահպանվի այնպիսի մթնոլորտ, որ նախագահական ընտրությունների արդյունքները կանխորոշված են: Սա ամենապարզ ճանապարհն է կաթվածահար անելու ընդհանրապես քաղաքական դաշտը: Ահա այս մոտեցմանը մենք կտրականապես դեմ ենք»:

Նա նշեց, որ Դաշնակցությունը Սերժ Սարգսյանին դեմ չէ: Բայց եթե նախագահ դառնա հանրապետական Սերժ Սարգսյանը, ապա մեծամասամբ հանրապետականներից բաղկացած խորհրդարանի եւ հիմնականում կրկին հանրապետականներից կազմված կառավարության պայմաններում, կխախտվեն հակակշռման մեխանիզմներն իշխանությունում:

Ռուստամյանը այսօր նաեւ հայտարարեց, որ ՀՅԴ-ն տարաձայնություններ ունի իշխանությունների հետ. - «Երկրի շարժման ընթացքը դանդաղ է... Տեմպերը չեն բավարարում... Իսկ երբ դանդաղ ես ընթանում, հայտարարված բարեփոխումները ժողովուրդը չի տեսնում, սկսում է արդեն վերանայման, մերժման խնդիր բարձրացնել` որ ուղեգիծն է սխալ»:

«Ճիշտ կլիներ երկրի համար, որ Ռոբերտ Քոչարյանը մեր թեկնածուին պաշտպաներ, բայց, բնականաբար, եթե Սերժ Սարգսյանը առաջադրվի, Ռոբերտ Քոչարյանը կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը», - ասուլիսի ընթացքում նաեւ ասաց Ռուստամյանը` շարունակելով. - «Ի վերջո, մեծ, երկար ճանապարհ են անցել»:

Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի` նախագահական պայքարի մեջ մտնելու շուրջ խոսակցություններին, Դաշնակցության ղեկավար անդամը ասաց, որ ՀՅԴ-ն կողջունի առաջին նախագահի վերադարձը. - «Շատ էլ լավ կլինի. թող առաջադրվի: Եվ եթե Տեր-Պետրոսյանը մտնի այս պայքարի մեջ, ես վստահ եմ, որ պայքարը կդառնա շատ ավելի գաղափարական»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG