Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Մենք վճռական ենք բարեփոխումները շարունակելու գործում»


«Երկրի զարգացման միակ ճիշտ ճանապարհն արդյունավետ բարեփոխումներն են, եւ մենք վճռական ենք դրանք շարունակելու գործում»,- ասել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` այսօր ընդունելով Արժույթի միջազգային հիմնադրամի Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Լորենսո Պերեսին եւ հայաստանյան առաքելության ղեկավար Մարթա Կաստելո-Բրանկոյին:

Հայաստանի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի փոխգործակցությունը գնահատելով արդյունավետ` նախագահը երախտագիտություն է հայտնել այն օժանդակության համար, որ հիմնադրամը ցուցաբերում է իրականացվող լայնածավալ բարեփոխումների գործընթացին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Լորենսո Պերեսը առաջիկայում Հայաստանի հիմնական խնդիրը համարել է անցումը զարգացման որակական նոր փուլի, որի բնորոշիչները պետք է լինեն տնտեսական մրցակցության ապահովումն ու նոր ներդրումների ներգրավումը: Այդ գործընթացում նա կարեւորել է, մասնավորապես, արդյունավետ կառավարումն ու հարկերի հավաքագրման մակարդակի բարձրացումը:

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է հարկային վարչարարության խստացման ուղղությամբ տարվող աշխատանքին:

Քննարկվել են նաեւ կապիտալի շուկայի զարգացմանը, փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցությանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG