Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը ընդունել է իտալացի խորհրդարանականների պատվիրակությանը


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր ընդունել է Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Իտալիայի արտգործնախարարության նախկին պետքարտուղար Ումբերտո Ռանիերիի գլխավորած պատվիրակությանը:

Վարդան Օսկանյանը գոհունակություն է հայտնել վերջին շրջանում Հայաստանի եւ Իտալիայի երկկողմ շփումների կապակցությամբ եւ կարեւորել է Եվրամիության «Եվրոպական հարեւանության քաղաքականության» շրջանակներում փոխադարձ շփումների արդյունքում ձեւավորված ամուր հարաբերությունները` հատկապես առանձնացնելով գյուղական շրջանների զարգացման ծրագրերը:

Նախարարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, հարաբերությունները հարեւանների հետ, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը, հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը, ինչպես նաեւ Հայաստանի մոտեցումները Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացի վերաբերյալ:

Ումբերտո Ռանիերիի խոսքերով, իրենց տարածաշրջանային այցի նպատակն է աջակցել եվրոպական ուղին բռնած երկրների զարգացմանն ու եվրաինտեգրմանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, իտալական պատվիրակության կազմում են նաեւ Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ Մարգերիտա Բոնիվերը, Ռաֆայելո Դե Բրազին, Ջորջո Լա Մալֆան եւ Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար Մարիո Դի Նապոլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG