Մատչելիության հղումներ

Պահպանողականների եւ ազատականների ուղեղների աշխատանքը տարբերվո՞ւմ է


Նյու 3որքի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Ամոդիոն Nature Neuroscience հանդեսի վերջին համարում հրապարակել է մի վերլուծություն, որի համաձայն, ազատական եւ պահպանողական գործիչների գլխուղեղի կեղեւում աշխատանքային գործընթացներն էապես տարբերվում են:

Գլխուղեղի այս հատվածն է գրանցում հակասությունը, որը գոյանում է տվյալ մարդու խառնվածքից ակնկալվող արձագանքի եւ նոր իրավիճակից բխող պահանջի միջեւ:

Իրենց «ազատականներ» եւ «պահպանողականներ» որակած մի խումբ կամավորներ մասնակցել են հետազոտության, որի ընթացքում հատուկ սարքավարումները չափել են նրանց գլխուղեղի էլեկտրական ակտիվության աստիճանը:

Փորձի մասնակիցներին կարգադրել են սեղմել կոճակը, երբ նրանք համակարգչի էկրանին կտեսնեն որոշակի հաճախականությամբ գրված թվեր, եւ զգուշացրել, թե կոճակը սեղմել պետք չէ այն դեպքում, եթե հաճախականությունը սկսի նվազել: Ըստ Դեյվիդ Ամոդիոյի, ճիշտ այդպես էլ արել են ազատականները, մինչդեռ պահպանողականները շարունակել են սեղմել կոճակը:

«Պահպանողականներն ավելի հետեւողական եւ համառ են գտնվել իրենց գործողություններում», - ասել է Ամոդիոն:

Միաժամանակ, նա ընդգծել է, թե չի պնդում, որ այդ տարբերությունը բնածին ֆենոմեն է` թեկուզ այն պատճառով, որ «գլխուղերը ճկուն օրգան է եւ մշտապես զարգացում է ապրում»:

«Քաղաքական կողմնորոշումների վրա ազդեցություն են գործում դաստիարակությունը, սոցիալական շրջապատը, անձնական փորձառությունը», - ասել է ամերիկացի հոգեբանը:

Պրոֆեսոր Ամոդիոն նաեւ ափսոսանք է հայտնել, որ քաղաքական որոշ մեկնաբաններ արդեն հասցրել են իր հետազոտության արդյունքներն օգտագործել այս կամ այն կողմին գնահատականներ տալու համար:

Մի հանրապետական ակտիվիստ, մասնավորապես, The Sacramento Bee պարբերականին տված հարցազրույցում պնդել է, որ գիտի, թե «ինչո՞ւ են ազատականներն ավելի արագ որոշում կայացնում այն պահին, երբ հարկ է հաղթահարել հին սովորությունը. որովհետեւ նրանք ունեն այդ ունակությունը, որովհետեւ նրանք իրենց խառնվածքով ավելի հակված են արագ գործողության»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG