Մատչելիության հղումներ

Վերսկսվեցին Կոսովոյի կարգավիճակի շուրջ բանակցությունները


Երեկ երեկոյան Lոնդոնում վերսկսվել են Կոսովոյի կարգավիճակի շուրջ բանակցությունները: Միջնորդները առանձին-առանձին հանդիպել են Կոսովոյի ալբանական կառավարության ղեկավար Ագիմ Չեկուի եւ պաշտոնական Բելգրադի ներկայացուցիչների հետ:

Ըստ բրիտանական աղբյուրների, բանակցությունների այս փուլը կշարունակվի նաեւ այսօր. Lոնդոնում կհանդիպեն Կոսովոյի խնդրով զբաղվող միջնորդական առաքելության ներկայացուցիչները: Իսկ սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում սերբական եւ ալբանական պատվիրակությունները կանցնեն դեմ առ դեմ բանակցությունների փուլին:

Lոնդոնյան խորհրդակցությունների մեկնարկից առաջ միջազգային միջնորդների խմբում Եվրամիությունը ներկայացնող գերմանացի դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերը հանդես է եկել հայտարարություններով, որոնցում, փաստորեն, չի բացառել, որ Կոսովոյին անկախություն շնորհելու հարցը անորոշ ժամանակով կարող է հետաձգվել:

Lոնդոնում լույս տեսնող «Ինդեփենդենթ» օրաթերթին տված հարցազրույցում Իշինգերը ասել է. - «Անկախության հարցը ես որոշակիորեն բաց կթողնեի: Այժմ ցանկալի է Կոսովոյի համար հաստատուն, վերահսկելի կարգավիճակի հասնել»:

Ըստ գերմանացի դիվանագետի, «անկախություն» բառի վրա կենտրոնանալը այնքան էլ ճիշտ չէ: «Եկեք մի կողմ թողնենք պիտակները», - կոչ է արել Իշինգերը:

Անդրադառնալով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց, Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարիի ծրագրին, որը Կոսովոյի համար նախատեսում էր անկախ կարգավիճակ` միջազգային հանրության հովանու ներքո, Իշինգերը ասել է. - «Ես մի կողմ չէի դնի Ահտիսաարիի ծրագիրը, բայց առանձնապես չէի պնդի դրա իրագործման անհրաժեշտությունը»:

Lոնդոն ժամանելուց առաջ Կոսովոյի վարչապետ Ագիմ Չեկուն հայտարարել էր, թե իր համոզմամբ` բանակցային այս փուլում միակ խնդիրը Կոսովոյի անկախացման տեխնիկական դետալները հստակեցնելն է:

Չեկուն նաեւ չէր բացառել, որ բանակցությունների ձգձգման դեպքում Կոսովոյի խորհրդարանը կարող է միակողմանիորեն հռչակել երկրամասի անկախությունը:

Այս մտադրությանը ի պատասխան` Վոլֆգանգ Իշինգերը Կոսովոյի ղեկավարներին ակնարկ է ուղղել «Ինդեփենդենթ»-ի էջերից` հիշեցնելով, թե ինչ գումարներով է գոյատեւում 2 միլիոն բնակչություն ունեցող Կոսովոն:

«Անկախության միակողմանի հռչակումից հետո ալբանացիները որտեղի՞ց են գումար հայթայթելու: Գուցե նրանք հույս ունեն, որ միջազգային հանրությունը կշարունակի՞ աջակցել իրենց», - հռետորական հարց է ուղղել Կոսովոյի խնդրով զբաղվող գերմանացի դիվանագետը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG