Մատչելիության հղումներ

Պարգեւ Օհանյան. «Կատարեցի իմ ընտրությունը եւ չեմ զղջում»


«Ռոյալ Արմենիա» ընկերության գործով անցած հուլիսին արդարացման վճիռ կայացրած Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգեւ Օհանյանը, ում նկատմամբ կարգապահական վարույթ է սկսվել, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երեկ ասաց, որ կատարել է իր ընտրությունը, ինչի համար չի զղջում:

«Ադ գործը ստիպեց ինձ այլ աչքով նայել ինքս ինձ, իմ գործին, իմ խղճին: Ստիպված եղա ընտրություն կատարել... Կամ պետք է ես անարդար դատավճիռ կայացնեի եւ մարդկանց դատապարտեի բավականին խիստ պատիժների, եւ կամ, իհարկե, պետք է իրականացնեի վերջապես արդարադատությունը` չունենալով դրա համար, կարելի է ասել, ոչ մի հոգեւոր աջակցություն», - ասաց Պարգեւ Օհանյանը` շարունակելով. - «Այո, կատարեցի այդ ընտրությունը ու չեմ զղջում»:

Հուլիսի 16-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը` Օհանյանի նախագահությամբ, դատարանի դահլիճից ազատ էր արձակել գրեթե երկու տարի Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում անցկացրած «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարներին` Գագիկ Հակոբյանին ու Արամ Ղազարյանին, ովքեր մեղադրվում էին մաքսանենգության, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեջ:

Ընկերության ներկայացուցիչները բազմիցս հրապարակավ հայտարարել են, որ ընկերության ղեկավարության նկատմամբ հետապնդումները սկսվել են, երբ նրանք մաքսային կոմիտեի աշխատակիցներին մեղադրել են կաշառակերության մեջ:

Սկսված կարգապահական վարույթի շրջանակներում սեպտեմբերի 26-ին Արդարադատության խորհուրդը քննարկելու է Օհանյանի հարցը: Պատասխանելով իր նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու պատճառների մասին հարցին` Պարգեւ Օհանյանը ասաց. - «Ցավոք, չեմ կարող բացառել, որ հենց այդ [«Ռոյալ Արմենիա»-ի գործով] դատավճռի կայացման արդյունքում է այս գործընթացը»:

Հարցին, թե իր վրա դատավճռի կայացումից հետո ճնշման փորձեր եղե՞լ են, դատավորը պատասխանեց. - «Չէի ցանկանա այդ մասին խոսել: Գուցե` ժամանակին»:

Իսկ հարցին, թե ունե՞ր «Ռոյալ Արմենիա»-ի գործով դատավճիռը այլընտրանք, Օհանյանը արձագանքեց. - «Այլընտրանք լիներ` չէր կայացվի այն, ինչ կայացվեց: Կայացվել է այն, ինչ օրենքով է եւ խղճով»:

Սկսված կարգապահական վարույթի վերաբերյալ Օհանյանը ասաց. - «Դատական դեպարտամենտը` այդպիսի մի կառույց ունենք ստեղծած, ստուգումներ է կատարել, ուսումնասիրություններ: Արձանագրվել են այսպես կոչված խախտումներ մոտ 10-15 քրեական եւ 4 քաղաքացիական գործերով: Թե որքանով դրանք որպես խախտում կփաստվեն, կյանքը ցույց կտա»:

Արդարադատության խորհուրդը կարող է Պարգեւ Օհանյանին պարզապես դիտողություն անել, նկատողություն կամ խիստ նկատողություն տալ: Կարող է նաեւ դիմել հանրապետության նախագահին` դատավորի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG