Մատչելիության հղումներ

Մեկնարկում են Գաբալայի կայանի համատեղ շահագործման հարցով բանակցությունները


Այսօր մեկնարկում են ռուս - ադրբեջանա - ամերիկյան բանակցությունները, որոնց օրակարգում Գաբալայի ռադարային կայանն ամերիկացիների հետ համատեղ շահագործելու մասին Մոսկվայի առաջարկն է:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Պենտագոնի փորձագետների թիմն այսօր վաղ առավոտյան ժամանել է Բաքու: Վեց հոգանոց պատվիրակությունը ղեկավարում հակահրթիռային պաշտպանության գործակալության փոխտնօրեն, բրիգադի գեներալ Պատրիկ Օ’Ռեյլին:

Կեսօրին ամերիկացիներն արդեն կլինեն Գաբալայում, որտեղ կհանդիպեն ադրբեջանցի եւ ռուսաստանցի զինվորական փորձագետների հետ: Ռուսներն ասել են, որ տեղի կունենան եռակողմ խորհրդակցություններ, մինչդեռ ամերիկացիները հայտնել են, որ այցը սոսկ տեխնիկական է եւ բանակցություններ նախատեսված չեն:

Մոսկվան առաջարկում է համատեղ շահագործել Գաբալայի կայանը` պայմանով, որ ամերիկացիները հրաժարվեն Չեխիայում եւ Լեհաստանում հակաօդային պաշտպանության ռադար եւ հրթիռներ տեղադրելու ծրագրից, որը ռուսական կողմը դիտում է որպես սպառնալիք իր անվտանգությանը:

«Մեր նպատակն է համոզել ամերիկացիներին՝ դադարեցնել Կենտրոնական Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղադրելու աշխատանքը: Մենք համոզված ենք, որ հարկ է համարժեք հակազդեցություն ցույց տալ առկա, այլ ոչ թե 2020 - 2025 թվականներին հնարավոր տեսական սպառնալիքներին», - ասել է բանակցություններում ռուսական կողմը ներկայացնող Ռուսաստանի տիեզերական զորքերի շտաբի պետի առաջին տեղակալ գեներալ Ալեքսանդր 3ակուշինը:

«Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, ամերիկացի պաշտոնյաները թերահավատորեն են խոսում 1984 թվականին կառուցված աբալայի ռադարային կայանի համատեղ շահագործման նպատակահարմարության մասին: Ժամանակին այն համարվել է հրթիռների արձակման եւ օդանավերի թռիչքների վաղ նախազգուշացման գերարդիական համալիր, այն իսկապես ի զորու է վերահսկել Մերձավոր Արեւելքի, Ասիայի եւ նույնիսկ Աֆրիկայի մի հատվածը՝ ընդհանուր հաշվով շուրջ 6 հազար կիլոմետր: Սակայն արեւմտյան երկրների փորձագետներն ասում են, որ աբալայի կայանի կառուցումից ավելի քան երկու տասնամյակ անց արդեն գոյություն ունեն օդային տարածքի հսկողության շատ ավելի արդիական եւ արդյունավետ տեխնոլոգիաներ:

Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանի սեփականությունը համարվող Գաբալայի կայանը ռուսները շահագործում են վարձակալության պայմանագրով, որն ուժի մեջ է մինչեւ 2012 թվականը:



Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG