Մատչելիության հղումներ

Թուրքիայի դատախազությունը քննություն է սկսել YouTube-ում տեղադրված տեսահոլովակի կապակցությամբ


Թուրքիայի դատախազությունը քննություն է սկսել YouTube կայքէջում անցած շաբաթավերջին տեղադրված տեսահոլովակի կապակցությամբ, որում Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության համար մեղադրվող Օգյուն Սամասթին եւ սպանության դրդիչներից Յասին Հայալին գովաբանող երգը ուղեկցվում է համապատասխան կադրերով:

Ինչպես տեղեկացնում է DPA գործակալությունը` վկայակոչելով «Զաման» թերթի հաղորդագրությունը, դատախազությունը ներկայումս պարզում է, թե արդյոք երգը կատարող Իսմայիլ Թուրութը, երգի տեքստի հեղինակ Օզան Արիֆը կամ տեսանյութի հեղինակը կարո՞ղ են մեղադրվել ատելություն սերմանելու համար:

Տեսանյութում ընդգրկված են Սամասթի եւ Հայալի լուսանկարները: Երգում պարունակվող ուղղակի սպառնալիքները «հայերին սատարողների» հասցեին ուղեկցվում են Դինքի սպանությունից անմիջապես հետո նկարահանված կադրերով, որոնցում հայազգի լրագրողի դին ընկած է գետնին` ծածկված թերթերով: Որպես «դավաճաններ»` հոլովակում տեղ են գտել գրականության Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը եւ այլ առաջադեմ մտավորականներ, ինչպես նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը եւ նախկին նախագահ Ահմեդ Սեզերը:

«Ծրագրեր մի կազմեք» կոչվող երգի տեքստի հեղինակ Օզան Արիֆը ծայրահեղ ազգայնական հայացքներ է դավանում: Ինչպես նա, այնպես էլ երգիչ Իսմայիլ Թուրութը հերքել էին իրենց առնչությունը տեսանյութը պատրաստողների հետ:

Թուրք իրավապաշտպանները, այդուհանդերձ, իրավապահներից պահանջել էին համարժեք քայլեր ձեռնարկել տեսահոլովակի կապակցությամբ:

Տեսահոլովակը արդեն հանվել է YouTube կայքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG