Մատչելիության հղումներ

Աշխարհում գազի եւ նավթի պաշարներ փնտրող «Տրանսեվրո էներջի» կանադական ընկերությունն արդեն սկսել է գազի որոնումները Հայաստանում, մասնավորապես Արմավիրի մարզի Կարմիր բնակավայրում գտնվող հորատանցքում:

«Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ մենք կոմերցիոն նպատակով ուսումնասիրություններ ենք անցկացնում, ներդնում ենք անհրաժեշտ սարքավորումներ եւ հուսով ենք, որ հաջողության կհասնենք», - ասել է ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Մայք Սմիթը: - «Մենք ուսումասիրել ենք այս պահին հայտնի բոլոր փաստերը, համեմատել դրանք մեր կատարած հետազոտությունների հետ եւ եկել այն եզրակացության, որ Հայաստանում գազ գտնելու հնարավորությունը մոտ 50 տոկոս է: Այդուամենայնիվ, 50 տոկոսով էլ հավանական է, որ գազի փոխարեն ուղղակի ջուր լինի»:

Ընկերությունը առաջիկա ամիսներին ուսումնասիրություններ է անցկացնելու ընդերքում` մոտ 2500 կիլոմետր խորության վրա:

«Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում մեր գործունեությունը մտնում է կիրառական փուլ, ընդ որում, կանխատեսվում են լուրջ արդյունքներ: Գնալով մեր աշխատանքն ավելի ու ավելի գրավիչ է դառնում», - ըստ պաշտոնական հաղորդագրության` հայտարարել է ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Հարոլդ Հեմերիխը: «Ոչ միայն գրավիչ, այլեւ շատ դժվար», - իր հերթին հավելել է ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավարը: - «Հայաստանում գազ կամ նավթ որոնելու համար հսկայական ջանք ու եռանդ է պահանջվում: Այստեղ համապատասխան արտադրություն չկա, այնպես որ` անհրաժեշտ սարքավորումները ներմուծում ենք դրսից: Ստիպված ենք ոչ միայն հսկայական ժամանակ վատնել, այլեւ մի լավ քրտնել ու ավելի թանկ գին վճարել»:

Այդուամենայնիվ, «Տրանսեվրո էներջի» ընկերությունը լավատես է, որ իր գործադրած ջանքերը զուր չեն անցնի, եւ ընդամենը մեկ-երկու ամսից իրենք կհայտարարեն հորատումների դրական արդյունքների մասին:

«Կա՞ արդյոք Հայաստանում գազ, թե՞ ոչ` նախատեսում ենք բոլորիս հուզող այս հարցի պատասխանը ստանալ հոկտեմբերի վերջին - նոյեմբերի սկզբին», - ասել է Մայք Սմիթը:

Ընկերությունը այժմ նավթի եւ գազի որոնողական աշխատանքներ է տանում նաեւ Ուկրաինայում, Կանադայում եւ Նոր Գվինեայում:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG