Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր հրամանագիր է ստորագրել Արա Հարությունյանին վարչապետ նշանակելու մասին: Համաձայն հրամանագրի, վարչապետը քսանօրյա ժամկետում նախագահին առաջարկություն կներկայացնի կառավարության կազմի վերաբերյալ:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, Բակո Սահակյանն այսօր ընդունել է նորանշանակ վարչապետին: Հանձնարարելով հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել կառավարության կազմը` նախագահը հույս է հայտնել, որ Հարությունյանի ղեկավարած կառավարությունը պատվով կկատարի իր առջեւ դրված խնդիրները, հանրապետության տնտեսությունում, սոցիալական ոլորտում կարձանագրի շոշափելի արդյունքներ եւ կձեւավորի ժամանակի պահանջներին համապատասխան կառավարման նոր ոճ:

Վարչապետի պաշտոնում Հարությունյանի թեկնածությանը Ղարաբաղի Ազգային ժողովը հավանություն էր տվել ուրբաթ օրը:

Արա Հարությունյանը, որը 2005 թվականին պատգամավոր է ընտրվել մեծամասնական համակարգով, խորհրդարանում հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը եւ հրաժարվում է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնից՝ «վարչապետի պարտականությունները լիարժեք կատարելու համար»:

«Ազատ հայրենիք»--ը համարվում է իշխանամետ կուսակցություն:

34-ամյա Արա Հարությունյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, ավարտել է Արցախի պետական համալսարանի ասպիրանտուրան: 1999 - 2004 թվականներին նա զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը, մինչ այդ եղել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղի կառավարիչը:

1992 թվականին Հարությունյանը անդամագրվել է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերին եւ ակտիվ մասնակցություն է ունեցել պատերազմական գործողություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG