Մատչելիության հղումներ

Հայ ըմբշամարտիկները մասնակցում են Բաքվում անցկացվող աշխարհի առաջնությանը


Այսօր Բաքվում` Հեյդար Ալիեւի անվան մարզահամալիրում, սկսվել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի մարզիկները:

Առաջնությունը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 23-ը: Այս առաջնության նշանակությունը մեծ է նաեւ այն առումով, որ յուրաքանչյուր քաշային կարգում առաջին ութ տեղերը գրաված մարզիկները կմասնակցեն հաջորդ տարի Պեկինում անցկացվելիք Օլիմպիական խաղերին:

Հայաստանի հավաքականի մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը հայտնել է, որ հայաստանյան պատվիրակության կազմում 31 մարդ է ընդգրկված, որոնցից 15-ը մարզիկներ են, մյուսները` բժիշկներ, մարզիչներ:

Հայաստանից 7-ական մարզիկներ պայքարելու են հունահռոմեական եւ ազատ ոճի մրցամարտերում: Միաժամանակ անցկացվող կանանց առաջնությանը Հայաստանից մասնակցում է մեկ մարզուհի:

Կիրակի օրը Բաքվում կայացած ասուլիսում Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռաֆաել Մարտինետին ասել է, որ վաղուց գիտի հայ - ադրբեջանական հակամարտության մասին, եւ միաժամանակ ընդգծել է, որ մրցագորգի վրա պայքարում են ոչ թե թշնամիներ, այլ մրցակիցներ:

Նա ասել է, որ հայ մարզիկների անվտանգության հարցը բազմիցս քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեների հետ հանդիպումների ժամանակ, ինչպես նաեւ երկու երկրների սպորտի նախարարությունների հետ: Միջազգային ֆեդերացիան Ադրբեջանից նամակ է ստացել, որում ասված էր, որ հայ մարզիկների նկատմամբ թշնամական վերաբերմունք չի լինի:

«Ես չեմ կասկածում, որ աշխարհի առաջնությունը կանցնի առանց միջադեպերի, հակառակ պարագայում մենք Ադրբեջանին չէինք վստահի այսպիսի կարեւոր առաջնության անցկացումը», - ընդգծել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը:

Ադրբեջանական լրատվամիջոցները հիշեցնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսքերը, թե ամբողջ երկիրը կսպասի, որ հայ ըմբիշների շնորհիվ Բաքվում հնչի Հայաստանի օրհներգը: Միաժամանակ, նա ասել է, որ առաջնությունը կարող է խթան հանդիսանալ երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար:

Երեկ Բաքվի ոստիկանությունը բերման էր ենթարկել «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ղեկավար Ակիֆ Նաղիին ու ծայրահեղական կազմակերպության 10-ից ավելի ակտիվիստների: Ոստիկանական բաժանմունքում նրանց նախազգուշացրել են, որ աշխարհի առաջնությանը հայ մարզիկների մասնակցության դեմ բողոքի ակցիաներ չանցկացնեն:

Ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցում են 103 երկրների մարզիկներ:

Հենց այսօր մրցագորգի վրա հանդիպել են հայաստանցի ու ադրբեջանցի մարզիկները. 55 կիլոգրամ քաշային կարգում հայ մարզիկ Ռոման Ամոյանի առաջին մրցակիցը ադրբեջանցի Ռովշան Բայրամովն էր: Թեեւ Ռոմանը հաղթել էր առաջին ռաունդում եւ առջեւում եղել երրորդ ռաունդում, այդուհանդերձ, նրան չի հաջողվել պահպանել առավելությունը: Բայրամովը հաղթել է լրացուցիչ տեխնիկական միավորներով եւ 1/8 եզրափակիչում հանդես գալու իրավունք է ստացել:

Համաձայն կանոնակարգի, եթե Բայրամովը նվաճի եզրափակիչում հանդես գալու իրավունք, ապա Ամոյանին հնարավորություն կտրվի պայքարել բրոնզե մեդալի համար:

Այսօր գոտեմարտեր են անցկացրել նաեւ հունահռոմեական ոճի 60 եւ 66 կիլոգրամ քաշային կարգերում ընդգրկված մարզիկները, այդ թվում Հայաստանը ներկայացնող Խոսրով Մելիքյանն ու Արման Ադիկյանը:

Մեկնարկային մրցամարտում Խոսրով Մելիքյանը զիջել է Ուկրաինան ներկայացնող հայազգի մարզիկ Սուրեն Գեւորգյանին, իսկ Արման Ադիկյանը 8:2 ընդհանուր հաշվով պարտության է մատնել ճապոնացի Մասակի Իմուրոյին:

Ադիկյանը այսօր հաջողության է հասել նաեւ 1/8 եզրափակիչում` պարտության մատնելով ղրղըստանցի մարզիկ Կանտաբեկ Բագալիեւին:


Հրաչ Մելքումյան, Պրահա եւ Միսակ Կրկյաշարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG