Մատչելիության հղումներ

Հովհաննես Գալաջյանը կրկին հարձակման է ենթարկվել


Շաբաթ երեկոյան հարձակում է տեղի ունեցել «Իսկական իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի վրա: Անհայտ անձինք մահակներով ծեծի են ենթարկել 44-ամյա լրագրողին եւ փախուստի դիմել:

Գալաջյանը վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, որտեղ նրան այսօր կայցելի դատական բժիշկը:

Երեւանի Կենտրոն համայնքի ոստիկանությունը նյութեր է հավաքում` ներկայացնելու համայնքի դատախազությանը` դեպքի կապակցությամբ քրեական գործ հարուցելու համար, ինչը, ամենայն հավանականությամբ, կարվի այսօր:

Շաբաթ ուշ երեկոյան հիվանդանոցում Գալաջյանը լրագրողներին հայտնեց, որ հարձակվողները երկու «թիկնապահային կադրեր» էին: Նա պատմեց, որ առավոտյան մի երիտասարդ էր զանգահարել, ներկայացել որպես «Ազգ» թերթի թղթակից` Մանուկ անունով, ասել էր, թե գործ ունի, եւ ինքը նրան հրավիրել էր խմբագրություն ու տվել իր բջջային հեռախոսի համարը. - «Հետո 7-ին 15 պակաս նա ինձ զանգահարեց, որ ցերեկով եկել է եւ իմ նկարագրածով չի կարողացել կողմնորոշվել, եւ ես առաջարկեցի, որ [երեկոյան] ուղիղ 7-ին գամ, ֆուտբոլի ֆեդերացիայում իրեն դիմավորեմ: Երբ արդեն իջնում էի` 7-ին մի քանի րոպե պակաս, մի երիտասարդ` կեպկայով, մահակով անմիջապես հարվածեց գլխիս` երրորդ - չորրորդ հարկերի կողմերը: Հարվածը եղավ` ես միանգամից հարձակվեցի նրա վրա, տապալեցի գետնին: Արդեն համարյա խլել էի մահակը, երբ էլի մահակի հարված զգացի գլխիս ու ուրիշ տեղեր էլի հարվածներ, տեսա, որ եւս մի երիտասարդ ինձ հարվածում է: Ես փորձում էի այդ երկուսի հարվածներից մի կերպ պաշտպանվել: Ի վերջո, թողեցին փախան, ես մի կերպ բարձրացա վեցերորդ հարկ, կարողացա զանգահարել Հայկ Բաբուխանյանին, պատմել կատարվածը»:

Ի պատասխան այն հարցի, թե ո՞ւմ է կասկածում, Գալաջյանը ասաց. - «Այս պահին դժվար է կողմնորոշվել: Միշտ էլ սուր բաներ գրում եմ, անպակաս է»:

Ավելի ուշ, երբ արդեն նաեւ որոշակի քննչական նախնական գործողությունն ավարտվել էր հիվանդասենյակում, Հովհաննես Գալաջյանն իր ենթադրությունների մասին ասաց. - «Տեսան, որ ես խնդրել եմ գլխավոր դատախազությանը` ստուգելու, արդյոք հնարավո՞ր է, որ անցյալ տարվա հարձակման պատվիրատուները լինեն կամ դրա հետ ինչ-որ ձեւով կապ ունենան [«Սահմանադրական իրավունք» միության նախագահ] Հրանտ Խաչատրյանը, Կարեն եւ Սուրեն Վարդանյանները, այժմ Արաբկիրում քննվում է: Չգիտեմ, միգուցե, կարող է պատահել եւ այդ ուղղությունը, բայց միանշանակ պնդել չեմ կարող»:

Հիվանդանոցի շտապ օգնության եւ վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկ Աննա Ղազարյանը շաբաթ կեսգիշերից 1 - 1,5 ժամ առաջ հայտնեց, որ հետազոտությունների մի մասը դեռ ընթացքի մեջ է, գլխի համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության արդյունքն արդեն կա, գանգոսկրի վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Մեկ տարուց քիչ ավելի ժամանակ է անցել, երբ մի հարձակման էլ էր ենթարկվել Գալաջյանը. հարձակվողները դեռ հայտնաբերված չեն:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG