Մատչելիության հղումներ

Այսօր երեկոյան Շուշիում սկսվեց Դաշնակցության Գերագույն մարմնի ժողովը: Ենթադրվում է, որ ժողովի մասնակիցները կորոշեն կուսակցության կողմից առաջադրվելիք Հայաստանի նախագահության թեկնածուին:

«Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ Դաշնակցությունը հրաժարվի սեփական թեկնածու առաջադրելուց եւ պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ասաց. - «Մենք արդեն ունենք որոշում՝ սեփական թեկնածուով մասնակցել ընտրություններին, սակայն տեսականորեն ոչինչ չի բացառվում: Բայց շատ թույլ հավանականություն կա նման բանի»:

Մեկնաբաներով լուրերը, թե արդեն որոշվել է նախագահության թեկնածու առաջադրել Արմեն Ռուստամյանին, Հրանտ Մարգարյանն ասաց. - «Այդպիսի բան չկա, ժողովը պիտի որոշի»:

Վաղը ժողովը, որը, ըստ Հրանտ Մարգարյանի, կավարտվի երկուշաբթի երեկոյան, կշարունակվի Ստեփանակերտում: Օրակարգում նաեւ Գերագույն մարմնի հաշվետվությունն է՝ գնահատական է տրվելու վերջինիս գործունեությանը, քննարկվելու է երկրի իրավիճակը: Ժողովը կընտրի նոր Գերագույն մարմին:

Ժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել Հայաստանի քաղաքական ուժերին, հրավիրվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահը եւ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG