Մատչելիության հղումներ

Թուրքիայում սկսվում է արշավ` 301 հոդվածի վերացման պահանջով


Թուրքիայում վերջերս հիմնված «Ոչ ռասիզմին եւ ազգայնամոլությանը» հասարակական շարժումը վաղը արշավ է սկսելու` երկրի Քրեական օրենսգրքից 301 հոդվածը հանելու պահանջով: Արշավի կարգախոսն է` «301 հոդվածը պետք է վերացվի: Պետք է դատապարտվեն ռասիստները»:

Արշավի նախաձեռնողները համոզված են, որ «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար քրեական պատիժ սահմանող 301 հոդվածը լուրջ խոչընդոտ է Թուրքիայում խոսքի ազատության համար:

«Թրքիշ դեյլի նյուս»-ի վկայությամբ, «Ոչ ռասիզմին եւ ազգայնամոլությանը» շարժումը իրավապաշտպանները, խաղաղության պաշտպանները եւ ֆեմինիստական շարժման ակտիվիստները հիմնել են Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից հետո:

Շաբաթ օրը նախատեսված միջոցառման շրջանակներում կայանալիք բաց քննարկումների արդյունքում ակնկալվում է ընդունել հռչակագիր, որը կներկայացվի Թուրքիայի խորհրդարանին:

Քննարկման մասնակիցների թվում կլինեն Ստամբուլի Բիլգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան, դոկտոր Թուրգութ Թահրանլին եւ իրավաբան Էրգին Չինմենը, որոնք կներկայացնեն 301 հոդվածը վերացնելու անհրաժեշտության իրավական հիմքերը:

Միջոցառմանը աջակցում է գերմանական «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամը:

«Ոչ ռասիզմին եւ ազգայնամոլությանը» շարժման ներկայացուցիչները նախատեսում են նաեւ մասնակցել Հրանտ Դինքի սպանության, ինչպես նաեւ «Ակոս»-ի խմբագրակազմի դեմ հարուցված գործերով դատական լսումներին:

Քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որով դատական հետապնդումների են ենթարկվել Թուրքիայի մի շարք առաջադեմ մտավորականներ, այդ թվում Հրանտ Դինքը եւ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը, բազմիցս քննադատվել է Եվրամիության պատասխանատուների կողմից` խոսքի ազատությունը սահմանափակելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG