Մատչելիության հղումներ

Պետդուման հաստատեց Վիկտոր Զուբկովի թեկնածությունը


Ռուսաստանի Դաշնության Պետդուման այսօր հաստատեց կառավարության ղեկավարի պաշտոնում երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջադրած` Վիկտոր Զուբկովի թեկնածությունը: 450-֊տեղանոց խորհրդարանում նրա օգտին քվեարկեց 381, դեմ՝ 47 պատգամավոր:

Դեմ են քվեարկել կոմունիստները, որոնք նախօրեին հայտարարել էին առաջարկվող թեկնածության` իրենց համար անընդունելի լինելու մասին:

«Խմբակցությունը քննարկեց ստեղծված իրավիճակը եւ միաձայն որոշեց չպաշտպանել այս թեկնածությունը», - հայտարարել էր Ռուսաստանի կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը:

Ռուսաստանյան խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը`«Եդինայա Ռոսիա»-ն, ինչպես նաեւ լիբերալ-դեմոկրատները, նախկին «Ռոդինա» խմբակցության հիմքի վրա ձեւավորված «Սպրավեդլիվայա Ռոսիա» պատգամավորական խումբը նախապես հայտարարել էին Զուբկովի թեկնածության օգտին քվեարկելու իրենց մտադրության մասին:

«Կոմերսանտ» թերթը այսօր ենթադրել է, որ Զուբկովը վարչապետ կմնա նաեւ հաջորդ նախագահի օրոք:

«Հենց նախագահի խոսքերը վկայում են, որ պարոն Զուբկովը պետք է մարմնավորի շարունակականություն` որպես հին վարչապետ նոր նախագահի օրոք», - գրում է մոսկովյան թերթը:

Թեեւ Վիկտոր Զուբկովը երեկ չէր բացառել իր առաջադրումը 2008 թվականի մարտի 2-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում, վերլուծաբանները շարունակում են Ռուսաստանի հաջորդ նախագահի հիմնական հավակնորդներ համարել երկու փոխվարչապետներին` Սերգեյ Իվանովին ու Դմիտրի Մեդվեդեւին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG