Մատչելիության հղումներ

«Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից զատ մենք, կարելի է ասել, այլ լուրջ խնդիրներ չունենք, մենք կանենք ամեն ինչ` ազատագրելու համար մեր հողերը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը լիտվական Verslo Zinios թերթին եւ Verslo Klase հանդեսին տված հարցազրույցում:

«Հայաստանը պետք է հասկանա, որ ավելի լավ է ինքնակամ թողնի իրեն չպատկանող հողերը, քան իր վրա զգա Ադրբեջանի հզորացման արդյունքները», - ասել է Ադրբեջանի նախագահը:

APA լրատվական գործակալության վկայությամբ, ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ Ալիեւը ասել է. - «2004 թվականից մենք «Պրահայի գործընթացում» ենք, որը նախատեսում է կարգավորման որոշակի մեխանիզմներ: Մինչ այդ բոլոր մյուս տարբերակները քանիցս փորձարկվել են, բայց որեւէ արդյունք չեն տվել: Եթե Պրահայի ձեւաչափը նույնպես անարդյունք լինի, սկզբունքորեն այլեւս չարժե խոսել որեւէ այլ բանի մասին: Այդժամ թեմա չի մնա բանակցությունների համար: Մենք բանակցություններ չենք վարի ձեւի համար, մեզ դա պետք չէ»:

Միաժամանակ, ադրբեջանական պետության ղեկավարը այն կարծիքին չէ, թե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի քաղաքական ներուժը սպառվել է. - «Չնայած արդյունքների բացակայությանը, չեմ կարող որեւէ վատ բան ասել Մինսկի խմբի եւ նրա համանախագահների մասին: Նրանք ստեղծագործաբար են աշխատում եւ իրոք ձգտում են մերձեցնել դիրքորոշումները եւ համաձայնեցնել դժվար համաձայնեցվող պահերը: Այն ժամանակ, երբ համանախագահները ձգտում են մերձեցնել դիրքորոշումները` գոյություն ունեցող սկզբունքների հիման վրա, պետք է սատարել նրանց գործունեությունը»:

«Եթե Հայաստանը ներկայիս իրավիճակում կառուցողական մոտեցում ցուցաբերի, անսա Մինսկի խմբի առողջ մտքերին եւ առաջարկներին, հակամարտությունը կարող է կարգավորվել», - ամփոփել է Ադրբեջանի նախագահը:

Ալիեւը այսօր առավոտյան երկօրյա այցով ժամանել է Վիլնյուս, որտեղ արդեն առանձնազրույց է ունեցել իր լիտվացի պաշտոնակից Վալդաս Ադամկուսի հետ: Ադրբեջանի նախագահը հանդիպումներ կունենա նաեւ Լիտվայի վարչապետի եւ խորհրդարանի նախագահի հետ:

Day.az էլեկտրոնային պարբերականի փոխանցմամբ, Վիլնյուսում այսօր բացվում է Ադրբեջան - Լիտվա գործարար համաժողովը` ադրբեջանցի 50 եւ լիտվացի 100 գործարարների մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG