Մատչելիության հղումներ

«ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը տեղափոխվել է քաղաքական ոլորտ»


«Վրաստանը լիովին կատարել է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար անհրաժեշտ բոլոր բարեփոխումներն ու քայլերը: Այժմ հարցը տեղափոխվել է քաղաքական ոլորտ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասել է Վրաստանի եվրաինտեգրման հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն: Ըստ վրաց բարձրաստիճան պաշտոնյայի, այդ մասին Վրաստանի իշխանություններին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը` Բրյուսելում վերջերս կայացած հանդիպման ժամանակ:

«Բրյուսելում ես եւ Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին հանդիպեցինք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Հանդիպման ժամանակ Յաապ դե Հոոպ Սխեֆերը իր գոհունակությունը հայտնեց եւ հստակ ընդգծեց` Վրաստանը կատարել է իր տնային աշխատանքը», - նշել է վրաց պետնախարարը` հավելելով. - «Այժմ հերթը դաշինքի անդամ 26 երկրներինն է, որոնք պետք է քաղաքական որոշում կայացնեն եւ համաձայնեցնեն իրենց դիրքորոշումները` Վրաստանի անդամակցության շուրջ»:

Ընդ որում, Գեորգի Բարամիձեի խոսքերով, այն երկրները, որոնք թերահավատորեն են վերաբերվում ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը, հետզհետե փոխում են իրենց վերաբերմունքը եւ սատարում պաշտոնական Թբիլիսի ներկայացրած հայտը:

«Վերջին օրինակը պաշտոնական Փարիզի վերաբերմունքն է, որը էականորեն փոխվեց Միխեիլ Սահակաշվիլիի հետ Նիկոլա Սարկոզիի բանակցություններից հետո: Դա շատ առարկայական եւ ուշագրավ քննարկում էր երկու առաջնորդների միջեւ, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահը ստացավ իրեն հուզող մի շարք հարցերի պատասխաններ եւ հայտարարեց, թե պատրաստ է ավելի ու ավելի ակտիվորեն համագործակցել Վրաստանի հետ` ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին», - ասել է Բարամիձեն:

ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը իր աջակցությունը երեքշաբթի օրը եւս մեկ անգամ հաստատել է նաեւ պաշտոնական Վաշինգտոնը: Մասնավորապես, Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլիի հետ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը խոստացել է լիովին աջակցել Թբիլիսիին` եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու հարցում:

«Պաշտոնական Թբիլիսին հույս ունի, որ ապրիլին Ռումինիայում նախատեսված ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովի ժամանակ Վրաստանի ներկայացրած հայտը կպաշտպանեն նաեւ դաշինքի մյուս անդամները», - Վաշինգտոնում կայացած հանդիպումներից հետո հայտարարել է Վրաստանի արտգործնախարարն ու հայտնել, որ պատրաստվում է առաջիկա ամիսների ընթացքում այցելել ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրներ եւ փորձել ստանալ նաեւ նրանց աջակցությունը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG