Մատչելիության հղումներ

logo-print
«Հայռուսգազարդ»-ի 10-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը, որին ներկա էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատեհ առիթ էր բաժնետիրական ընկերության համար հաշվետու լինել անցած տարիների կատարած աշխատանքների համար:

«Գազպրոմ» ընկերության վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբեւը եւ «Հայռուսգազարդ»-ի գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը կարճատեւ հանդիպում ունեցան լրագրողների հետ:

Գոլուբեւի խոսքով` «Հայռուսգազարդ»-ը նախանձելի հաջողությունների է հասել 10 տարվա ընթացքում, եւ Հայաստանի գազաֆիկացիայի մակարդակը էապես գերազանցում է Ռուսաստանի գազաֆիկացիայի մակարդակին:

Պաշտոնական տվյալներով, Հայաստանի ավելի քան 88 տոկոսն այսօր գազաֆիկացված է:

Ընկերության ռազմավարական ծրագրերից է նաեւ տարածաշրջանի էներգետիկ շուկայում ակտիվ դերակատարություն ունենալը: Հայտնի է, սակայն, որ Հայաստանը գազ ներմուծող երկիր է, ուստի հարց է ծագում` ինչպե՞ս եւ ի՞նչ հիմքով է հեռանկարային նման ծրագրեր մշակել: «Հայռուսգազարդ»-ի գործադիր տնօրեն Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին պատասխանեց. - «Մեր ընկերությունը զուտ գազային ընկերություն չէ... Մենք գնել ենք Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, եւ 2002 թվականից մենք կատարում ենք էլեկտրաէներգիայի առաքում Վրաստան... Մենք կարող ենք ստեղծել մի շատ լավ լիբերալ հրապարակ` էներգակիրների վաճառքի»:

«Գազպրոմ» ընկերության բարձրաստիճան պաշտոնյա Գոլուբեւն էլ հաստատել է, որ Իրան - Հայաստան գազամուղը դարձել է «Հայռուսգազարդ»-ի սեփականությունը:

Մոտ ապագայում էլ` առաջիկա վեց ամիսների ընթացքում Հայաստանի բանկային շուկա է մտնելու ռուսական «Գազպրոմ» բաժնետիրական բանկը: Բանկի առաջին փոխնախագահ Օլգա Կազանսկայայի խոսքով, նկատի ունենալով այն, որ այսօր Ռուսաստանում շուրջ երկու միլիոն հայ է ապրում` «վստահ ենք, որ կան լուրջ հեռանկարներ, եւ «Գազպրոմ» բանկն էլ իր ուրույն տեղը կզբաղեցնի հայկական շուկայում»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG