Մատչելիության հղումներ

Վարչապետի պաշտոնում Պուտինը անսպասելիորեն առաջարկել է Վիկտոր Զուբկովի թեկնածությունը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետի պաշտոնում անսպասելիորեն առաջարկել է ֆինանսական մոնիտորինգի դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Զուբկովի թեկնածությունը:

Ռուսաստանի Պետդուման այդ թեկնածությունը կքննարկի ուրբաթ օրը, լրագրողներին հայտնել է Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը:

Այսօր Միխայիլ Ֆրադկովը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարվելու մասին, ինչից հետո վերլուծաբանները կարծիք էին հայտնում, թե Պուտինը առաջադրելու է այն մարդու թեկնածությունը, ում ուզում է տեսնել որպես ժառանգորդ նախագահի պաշտոնում:

Վիկտոր Զուբկովը ծնվել է 1941 թվականին Սվերդլովսկի մարզում: Երկար տարիներ աշխատել է Լենինգրադում (Սանկտ Պետերբուրգում)՝ Պուտինի հարազատ քաղաքում: 90֊-ականների սկզբներին աշխատել է Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանում՝ Պուտինի հետ:

2004 թվականից գլխավորում է ֆինանսական մոնիտորինգի դաշնային ծառայությունը, որը մտնում է Ռուսաստանի ֆինանսների նախարարության կազմի մեջ: «Ասոշիեյթեդ փրես»֊-ի վկայությամբ՝ այդ մարմինը վերահսկում է «փողերի լվացման» դեմ պայքարը:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, երկրի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը Վիկտոր Զուբկովի միակ դստեր ամուսինն է:

1998 թվականին Զուբկովը մասնակցել է Լենինգրադի մարզի նահանգապետի ընտրություններին, սակայն հաջողության չի հասել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG