Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը քառօրյա այցով ժամանել է երկրի հարավարեւելյան քրդաբնակ շրջաններ: Նա պատրաստվում է լինել բոլոր այն շրջաններում, որոնք արդեն 23 տարի համարվում են Քրդական աշխատավորական կուսակցության պարտիզանական գործողությունների գոտի:

Այսօր Գյուլը կժամանի Վանից ոչ հեռու գտնվող «Բաշկալե» ռազմակայան, որտեղ տեղակայված է քուրդ զինյալների դեմ հատուկ գործողություններ իրականացնող բանակային ստորաբաժանումներից մեկը:

Նախագահի պաշտոնում առաջին այցի ընթացքում Աբդուլա Գյուլին ուղեկցում է թուրքական բանակի գլխավոր շտաբի պետ Յաշար Բույուքանըթը, ով ընդամենը մի քանի շաբաթ առաջ կտրականապես դեմ էր հանդես գալիս Գյուլի նախագահ ընտրվելուն:

Թուրքական մամուլը Գյուլի եւ բանակային հրամանատարների համատեղ այցը ընկալում է որպես զինված ուժերի հետ չափավոր իսլամիստների հաշտեցման փորձ:

Առաջիկա օրերին Աբդուլա Գյուլը տեսչական այցով կժամանի Իրաքի սահմանին տեղակայված թուրքական զորամասերից մեկը, որտեղ եւ զինծառայողների հետ միասին կդիմավորի մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսվա մեկնարկը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG