Մատչելիության հղումներ

Ռումինիայի նախագահը վիրավորե՞լ է հայ համայնքին


Ռումինիայի «Ընդդեմ խտրականության» կազմակերպությունը հայտարարել է, որ հետաքննելու է երկրի նախագահ Տրայան Բասեսկուի որակումները՝ պարզելու, թե արդյոք դրանք հայ համայնքի հանդեպ վիրավորա՞նք են:

Շաբաթավերջին վիրահատության ենթարկված Բասեսկուն Բուխարեստի հիվանդանոցում բժիշկներին, մասնավորապես՝ վիրաբույժին, իր երախտիքը հայտնելիս ասել է. - «Վերջապես տեսնում եմ բարի հայի, կոմպետենտ հայի»:

Կազմակերպությունը պնդում է, թե նախագահի այդ ակնարկները իրականում ուղղված էին նրա քաղաքական մրցակցին՝ էկոնոմիկայի նախարար, ազգությամբ հայ Վարուժան Ոսկանյանին, որը իշխող Լիբերալ կուսակցության անդամ է:

Ոսկանյանը վերջին տարիներին քննադատում է Բասեսկուին՝ նրան անվանելով «վտանգ ժողովրդավարության համար»:

Բասեսկուի գրասենյակը երեկ պնդել է, թե նախագահի որակումը նպատակ ուներ միայն ընդգծել վիրահատող բժշկի պրոֆեսիոնալիզմը:

Ռումինիայում մի քանի հազար հայ կա, որոնք, ինչպես նշում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը, հազար տարի առաջ են գաղթել երկիր եւ ինտեգրվել հասարակությանը:

Մայիսին Բասեսկուն քննադատության մեկ այլ ալիքի տակ էր ընկել, երբ լրագրողներից մեկին անվանել էր «գարշահոտ գնչու»:

Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG