Մատչելիության հղումներ

Գագիկ Հակոբյան. «Ես անպայման վերադառնալու եմ»


«Ռոյալ Արմենիա» ընկերության սեփականատեր Գագիկ Հակոբյանը, ով այժմ Հայաստանում չէ` բուժվում է Իսպանիայում, եւ ում նկատմամբ Վերաքննիչ դատարանը կալանքի որոշում է կայացրել, երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում վստահեցրեց, որ վերադառնալու է Հայաստան:

«Ես անպայման վերադառնալու եմ... Հարցը բավականին լուրջ է` կատարել վիրահատություն սրտի, թե ոչ: Սա է միակ պատճառը, որ մինչ այժմ ես չեմ վերադարձել Հայաստան», - ասաց Գագիկ Հակոբյանը:

«Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, որ որոշել են ինձ կալանել, ես ցավում եմ... Անկախ նրանից, թե նրանք ինչ որոշում են կայացրել, դա ոչ մի կերպ անդրադառնալու», - նշեց նա` հավելելով. - «Չկա ոչ մի փաստաթուղթ, որ կհիմնավորի մեր մեղքը»:

«Մեր հաղթանակը միեւնույն ժամանակ կբերի նրան, որ մնացած գործարարները կտեսնեն, որ կարելի է պայքարել եւ կպայքարեն նրանց դեմ... Շատ-շատերն են ցանկանում, բայց ուղղակի բոլորն էլ վախենում են», - եզրափակեց Հակոբյանը:

Հակոբյանը եւ նրա տեղակալ Արամ Ղազարյանը ձերբակալվել էին 2005 թվականի հոկտեմբերին, երբ հրապարակայնորեն Հայաստանի մաքսային ծառայությանը մեղադրեցին կոռուպցիայի մեջ:

Մեկ տարի 9 ամիս Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում անցկացրած «Ռոյալ Արմենիա»-ի ղեկավարների համար մեղադրող կողմը դեռ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, համապատասխանաբար, 12 եւ 11 տարվա ազատազրկում էր պահանջել, սակայն նրանք ազատ արձակվեցին դատարանի դահլիճից:

Գործը ներկայումս քննող Վերաքննիչ դատարանը օգոստոսի 29-ին բավարարել է դատախազության միջնորդությունը` որոշելով փոխել Գագիկ Հակոբյանի խափանման միջոցը եւ կալանել նրան: Հակոբյանին հայտնաբերելը եւ կալանելը Վերաքննիչ դատարանը հանձնարարել է Ազգային անվտանգության ծառայությանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG