Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն Ազգային Ժողովին է ներկայացրել «Ազատ Հայրենիք» խմբակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը՝ վարչապետի պաշտոնի համար: «Ազգ»-ը հավելում է, որ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու թեկնածությունը. - «Պատգամավորական խմբակցությունները կհանդիպեն վարչապետի թեկնածուի հետ, եւ առաջիկա հինգ օրվա ընթացքում խորհրդարանի լիագումար նիստ կհրավիրվի»:

Հիմնազուրկ համարելով «դրսի ուժերի կողմից» Հայաստանում նախագահ նշանակելու վարկածը` «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը բխեցրել է. - «Այդ բոլոր «մտավոր փորձերը» ապացուցում են մի բան. ո’չ Ռուսաստանը, ո’չ ԱՄՆ-ը, ո'չ էլ որեւէ այլ երկիր չունեն ծայրահեղ շահագրգռություն՝ Հայաստանում իշխանությունը փոխելու կամ պահպանելու»։ «Բայց եթե նույնիսկ ունենային, ոչինչ չէին կարողանա անել՝ առանց մեր ժողովրդի ցանկության», - պնդել է գլխավոր խմբագիրն ու եզրակացրել. - «Որ ՀՀ քաղաքացիները չեն ուզում «գունավոր հեղափոխություն», դա ակնհայտ է։ Իսկ հայաստանցիները ցանկանո՞ւմ են արդար ընտրություններ։ Թերեւս, հոգու խորքում՝ այո։ Այնքան խորը, որ դա չի երեւում»։

«Ժամանակ - Երեւան» թերթի խմբագրականը, փաստելով, որ «Հայմամուլ»-ի կրպակներից երեկ հավաքվել է համանուն թերթի այդ օրվա ողջ խմբաքանակը, պնդել է, որ դրա պատճառը եղել է համարում տպագրված հարցազրույցը պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ։ Իսկ համարը կրպակներից հավաքողները, ըստ թերթի, եղել են նրա շրջապատի մարդիկ, քանի որ նախորդ օրը պատգամավորը փորձել էր հրաժարվել իր հարցազրույցից եւ խնդրել էր չհրապարակել այն: Խմբագրականը այդ առիթով շեշտադրել է. - «Դժվար է ասել, թե հարցազրույցի որ բառը կամ ստորակետն էր ահաբեկել Հանրապետականի խմբակցության ղեկավարին, սակայն փաստ է, որ նա տիտանական ջանքեր գործադրեց, որպեսզի երեկվա մեր համարը չհասնի ընթերցողին»: Թերթը նաեւ առաջարկում է պատգամավորին՝ 3 հազար օրինակով բաժանորդագրվել «Ժամանակ - Երեւան» ու ողջ տպաքանակն ուղարկել իրենց տուն: «Բայց ի՞նչ անել ԱՄՆ գնացող տպաքանակի եւ վեբ կայքի ընթերցողների հետ», - հարցրել-ամփոփել է խմբագրականը:

Նույն թերթի փոխանցմամբ, «Ազգային ժողովում ծավալվող իրադարձություններից ակնհայտ է դառնում, որ սրվել են արդարադատության նախկին նախարար, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի եւ արդարադատության ներկա նախարար Գեւորգ Դանիելյանի հարաբերությունները։ Պետաիրավական հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ կառավարությունը՝ հանձինս նախարար Դանիելյանի, ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն` «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»։ «Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը», - ըստ թերթի, - «առաջարկել է այդ նախաձեռնությանը բացասական եզրակացություն տալ՝ դրանով նախարարին ցույց տալով իր իրական ազդեցությունը։ Սակայն, պատգամավորները, ի հեճուկս Դավիթ Հարությունյանի, կողմ են քվեարկել այդ նախագծին՝ ապացուցելով, որ Հարությունյանի գնացքն արդեն մեկնել է»։

«Չորրորդ իշխանություն» թերթի աղբյուրների պնդմամբ, Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Սարոյանը հինգ ավտոբուս է նվեր ստացել «Գրանդ հոլդինգ»-ի սեփականատեր Հրանտ Վարդանյանից եւ որոշել է դրանք գործի դնել Էջմիածին - Երեւան երթուղում։ Նա այդ խնդրով դիմել է երթուղին սպասարկող պատգամավոր Հրանտ Գրիգորյանին, ով չի առարկե»լ։ «Բայց Սեյրան Սարոյանին ինչ-որ մեկը գլխի է գցել, որ ինքը կարող է լինել այդ երթուղիների սեփականատերը, դրա համար էլ վերջինս ավելի է ագրեսիվացել եւ մեծացրել ախորժակը», - գրել է թերթը: - «Այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ Սեյրան Սարոյանի հետ այդ մեքենաների մասով «փայատեր» է նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը։ Երկու պարտնյորների միջեւ այսպիսի փոխհամաձայնություն է ձեռքբերվել. մեքենաները Սեյրան Սարոյանից, իսկ դիզվառելանյութը կտրամադրվի Հայաստանի առաքելական եկեղեցու միջոցների հաշվին»։ «Այսինքն, մեր կաթողիկոսը ոչ թե հոգեւոր հայր է, այլ բիզնեսմեն, որը կարող է իր շահի կամ ընդհանրապես որեւէ մեկի բիզնես շահի համար «բազարներ» անել», - որակել-եզրակացրել է թերթը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG