Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ չընդունվեց «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքը


Օրենքը վերաբերում է շուրջ 700 000 երիտասարդների եւ դրա ամենակարեւոր կետը այն է, որ պետությունը երիտասարդական քաղաքականության վերաբերյալ պետք է ունենա համալիր տարեկան ծրագիր, որը պետք է հաստատվի Ազգային ժողովի կողմից եւ ֆինանսավորվի պետական բյուջեյից: Օրենքի հեղինակներից Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ օրենքը միտված է լուծելու երիտասարդների հիմնախնդիրները, որոնք այսօր անուշադրության են մատնված:

«Նախագիծը կօգնի լուծել շատ երիտասարդների բնակարանային, աշխատանքային խնդիրները, կխթանի ծնելիությունը` շնորհիվ հատկացված գումարների եւ կլուծի մի շարք այլ սոցիալական խնդիրներ», - ասաց պարոն Դալլաքյանը:

«Երիտասարդության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության տեսակետը ներկայացրել է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը: Նա ասել է, թե դրանում ընդգրկված բազմաթիվ հոդվածներ ֆինանսական մեծ ծախսեր են պահանջում, ինչն այսօր պետությունը չի կարող տրամադրել:

Վիկտոր Դալլաքյանը նշում է, որ ֆինանսական խնդիրներ ցանկացած հարցում եւ ոլորտում էլ կան, բայց երիտասարդության այս խնդիրները կարեւոր են: Ըստ նրա, օրինագիծը չի քննարկվել քաղաքական դրդապատճառներով:

Սակայն Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը հերքում է, թե օրինագիծը չի ընդունվել միայն այն պատճառով, որ առաջարկվել է ընդդիմության ներկայացուցչի կողմից:

Սպորտի եւ երիտասարդության հարցերով փոխնախարարը ավելացրեց, որ 2004 թվականին կառավարությունը հեղինակել է երիտասարդներին վերաբերող նոր նախագիծ, որը ֆինանսական մեծ ծախսեր չի պահանջում: Այն առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովում:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG