Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ում թեկնածությունը նույն պաշտոնում առաջադրել է երկրի նախագահը, այսօր հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի խումբ-խմբակցություններում:

Աղվան Հովսեփյանի թեկնածությանն աջակցելու մասին առայժմ միանշանակ հայտարարել են ՀՀԿ եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները:

Դեռեւս չի հստակեցրել իր դիրքորոշումը «Օրինաց երկիր» խմբակցությունը: Ըստ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի` կընդունվի, ամենայն հավանականությամբ, ազատ քվեարկության որոշում:

Հայ հեղափոխական դաշնակցության խորհրդարական խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանի փոխանցմամբ, Հովսեփյանի հետ հանդիպումը «չսպառեց իրենց հարցերը» եւ «բացառված չէ, որ Դաշնակցությունը դեմ արտահայտվի»:

«Մենք, նախ եւ առաջ, մտահոգված ենք հատկապես ծանր հանցագործությունների աճով: Մասնավորապես մի քանի սպանությունների վերաբերյալ, հատկապես` այնպիսի սպանությունների, որոնք վերաբերում են պաշտոնատար անձանց, օրինակ` Շահեն Հովասափյանի եւ այլն: Դրա վերաբերյալ մենք մասնավոր հարցումներ ենք ուղղել գլխավոր դատախազին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կարապետյանը: - «Իհարկե, հարցերը չեն սպառված»:

Նրա պնդմամբ` դեռ կան կոռուպցիային վերաբերող հարցեր, որոնց պետք է պատասխանի Աղվան Հովսեփյանը. ի՞նչ ծրագրեր ունի, ինչպե՞ս է դրա դեմ պայքարելու:

Վերջնական քվեարկության հարցում, ըստ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի, իրենք դեռեւս չեն կողմնորոշվել. չի բացառվում, որ դեմ քվեարկեն Հովսեփյանի թեկնածությանը:

Աղվան Հովսեփյանը հանդիպում չի ունեցել միայն ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունում, որի պատգամավորներից Վարդան Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենց նույնիսկ չէին տեղեկացրել, որ Հովսեփյանը Ազգային ժողովի շենքում է: Նա փոխանցեց նաեւ, որ խմբակցություն որոշումը «առայժմ նեգատիվ» է:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG