Մատչելիության հղումներ

Դաշնակցության 11-րդ գերագույն ժողովը կգումարվի Ղարաբաղում


Շուշիի ազատագրման 15-ամյակի կապակցությամբ` Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի կազմակերպության 11-րդ գերագույն ժողովը կգումարվի Լեռնային Ղարաբաղում: Նման որոշում է կայացրել Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը:

Կուսակցության Գերագույն մարմնի լրատվության բաժնի փոխանցմամբ, ժողովի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Շուշիի մշակույթի տանը: Հաջորդ օրվանից ժողովն աշխատանքները կշարունակի Ստեփանակերտում:

Գերագույն ժողովի օրակարգի հարցերի թվում են Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի մեկամյա գործունեության հաշվետվությունը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական, Արցախի հիմնախնդիրների, Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, Հայաստանի Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության, Դաշնակցության անդամ նախարարների գործունեության, առաջիկա նախագահական ընտրությունների եւ այլ հարցերի կապակցությամբ կուսակցության Հայաստանի կազմակերպության դիրքորոշումների, գործունեության ծրագրերի մշակումը, Գերագույն մարմնի նոր կազմի ընտրությունները եւ այլ հարցեր:

Ենթադրվում է, որ Գերագույն ժողովում կհրապարակվի Դաշնակցությունից նախագահության թեկնածուի անունը: Դաշնակցության ներկայացուցիչները բազմիցս են հայտարարել, որ հանդես են գալու սեփական թեկնածուով, որը լինելու է դաշնակցական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG