Մատչելիության հղումներ

Ստամբուլում ներկայացվում է ինստալյացիայի հայազգի վարպետի ստեղծագործությունը


Պոլսահայ Սարգիս Զաբունյանը, որին արդի արվեստի աշխարհում պարզապես Սարգիս են անվանում, այս օրերին իր աշխատանքներն է բերել Ստամբուլ:

Սարգիսը 60-ականներին է հեռացել Թուրքիայից եւ բնակություն հաստատել Փարիզում, սակայն անցած տասնամյակների ընթացքում բազմիցս է այցելել Ստամբուլ եւ ցուցադրել իր գործերը:

Նա կոնցեպտուալիզմի ուղղության արվեստագետ է: Ըստ «Թրքիշ դեյլի նյուս»-ի, ամբողջ աշխարհում հայտնի են Սարգիսի ինստալյացիաները:

Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» թերթի խմբագրապետ Ռոբեր Հատտեճյանը «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեց, որ Սարգիսը երկու ցուցահանդես է բերել: Առաջինը բացվել է արվեստի անվանի գիտակ, համաշխարհային նշանակության հավաքածուների տեր, աճուրդների կազմակերպիչ` ծագումով հայ Րաֆֆի Փորթաքալի պատկերասրահում:

Հատտեճյանի խոսքերով, Սարգիսը առանձնապես սերտ կապեր չունի հայ համայնքի հետ, սակայն հայերի եւ թուրքերի շրջանում մեծ հեղինակություն է վայելում որպես արվեստագետ:

«Թրքիշ դեյլի նյուս»-ի փոխանցմամբ, Սարգիսը, անդրադառնալով հայ - թուրքական հարաբերություններին, մասնավորապես, ասել է. - «Հայ - թուրքական սահմանը փակ է, սակայն արվեստը սահման չունի, միտքն ազատ է, անցնում է սահմանները եւ վերջ է դնում թշնամանքին»:

Նա առաջարկում է թուրքերին եւ հայերին միասին պատրաստվել Ֆրանսիայում 2009 թվականին բացվող Թուրքիայի տարվան:

«Թրքիշ դեյլի նյուս»-ը հաղորդում է, որ 2000 թվականին Սարգիսը Բորդոյում ներկայացրել էր վեճերի մեջ ներքաշված Հայաստանում եւ Թուրքիայում, Իսրայելում եւ Պաղեստինում, Չինաստանում եւ Տիբեթում գործած գորգերի հսկայական՝ 3500 քառակուսի մետր մակերեսով ինստալյացիա:

«Գորգերը հակամարտությունների մասին պատկերացում չունեն, ազգային կամ պետական պատկանելություն չունեն, նրանք կարող են խաղաղ եւ հանգիստ գտնվել կողք-կողքի. սա է աշխարհը, որի մասին ես երազում եմ», - ասել էր հայազգի վարպետը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG