Մատչելիության հղումներ

Հոլանդացի գիտնականները հանգել են այն եզրակացությանը, որ «բջջային հեռախոսների հաճախակի օգտագործումը նվազեցնում է գլխուղեղի ակտիվացումը, սակայն բաժանորդի մոտ նկատվում է որոշակի խնդիրների վրա կենտրոնանալու կարողության աճ»:

Հոլանդացի մասնագետների հոդվածը հրապարակվել է Նեյրոգիտության միջազգային հանդեսի սեպտեմբերյան համարում:

DPA գործակալության վկայությամբ, Ռադբուդի համալսարանի մասնագետները հետազոտություն են անցկացրել երեք խմբերում, որոնցից առաջինում ընդգրկվել են բջջայինը հաճախակի օգտագործողները, երկրորդում՝ նրանք, ովքեր ընդհանրապես չեն օգտվում բջջային կապի ծառայությունից, իսկ երրորդում՝ բջջայինն առիթից առիթ օգտագործողները: Յուրաքանչյուր խմբում եղել է 100 մարդ:

Հետազոտության արդյունքների համաձայն, բջջայինը տարիների ընթացքում շատ ակտիվորեն օգտագործողների մոտ գլխուղեղի ակտիվության նվազումը կարելի է համեմատել Ալցհայմերի հիվանդությամբ տառապողի մոտ նկատվող նույն պրոցեսի հետ:

«Սակայն, ի տարբերություն հիվանդի, բջջային օգտագործողի մոտ այդ նվազումը, այնուամենայնիվ, մնում է նորմայի սահմաններում», - ասել է հետազոտության հեղինակներից Մարտին Անսը:

Իսկ որոշ խնդիրների վրա առավել հաջող կենտրոնանալու կարողության աճը հոլանդացի գիտնականները բացատրում են նրանով, որ բջջայինով խոսողը ակամա «ֆիլտրով է անցկացնում» զրույցը, նրա ուղեղն այդ ժամանակ փորձում է խոսակցությունը զատել հարակից աղմուկից եւ խանգարող այլ հանգամանքներից, ինչի արդյունքում բուն նյութը, քննարկված խնդիրն ու ընդունված որոշումն ավելի լավ են պահպանվում հիշողության մեջ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG