Մատչելիության հղումներ

Բրիթնի Սփիրսի խայտառակությունը


Շոու-բիզնեսի աշխարհն անհամբերությամբ սպասել է այդ օրվան, երբ պետք է պարզվեր, թե ինչպե՞ս է երգելու Սփիրսը վերջին մի քանի տարիների սկանդալային պատմություններից, ամուսնալուծվելուց եւ ծննդաբերելուց, անհասկանալի եւ անհեթեթ արարքներ կատարելուց հետո:

«Ասոշիեյթեդ փրես»-ի երաժշտական մեկնաբան Նեքեսա Մուդիի փոխանցմամբ, Բրիթնիի պարը, կարծես, բեմադրել էր մեկը, ով ծերանոցում է պար սովորեցնում` «կախված փոր, սխալ, ոչ ռիթմիկ շարժումներ»:

Ներկաների համար ակնհայտ էր, որ Բրիթնի Սփիրսը «Գիմի Մոր» նոր սինգլը կատարում է ֆոնոգրամայի տակ, ընդ որում` հատկապես ամոթալի էր այն, որ համայն աշխարհի աչքերի առաջ երգչուհին սխալ պահերին էր բացում-փակում բերանը:

«Մի քանի անգամ նա նույնիսկ կանգ առավ` զգալով, որ այլեւս ոչինչ չի փրկի իր համարը», - գրել է Նեքեսա Մուդին` հավելելով. - «Այս ելույթը ցույց տվեց, թե որքան ցածր է ընկել Բրիթնի Սփիրսը: Նրա գործընկերներից շատերը ցավով դիտեցին այդ ամոթալի ելույթը: Հեռուստադիտողները տեսան դահլիճում նստած հայտնի ռեփեր Ֆիֆթի Սենթին, նրա զարմացած, դառնացած, շփոթված հայացքը»:

«Ռոյթերզ»-ի մեկնաբան Պերես Հիլթոնն այդ ելույթի առիթով գրել է. - «Բոլորը գիտեն, որ Բրիթնին ֆոնոգրամայի տակ է երգում, որովհետեւ շատ է պարում, այս անգամ նա գրեթե չի պարել: Շատ վատ ելույթ էր, պարզապես ամոթ էր»:

Անմիջապես Բրիթնի Սփիրսից հետո բեմ է բարձրացել շոուի մասնակից, հայտնի կատակերգու Սառա Սիվերմանը, ով «սպանիչ հումորով ասել է, թե երգչուհու ամենաներելի եւ սիրելի սխալները նրա երկու փոքրիկներն են»:

Երգիչ եւ պրոդյուսեր Աքոնի կարծիքով, «Բրիթնին, իհարկե, կարող էր ավելի լավ ելույթ ունենալ»:

«Նա շատ լարված էր, այդ էր վկայում նրա դեմքի արտահայտությունը, հուզմունքի հետեւանքով նա չէր կարողանում կենտրոնանալ եւ ավարտին հասցնել իր համարը», - ասել է Աքոնը:

«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, Տարվա լավագույն տեսահոլովակի անվանակարգում MTV-ն հաղթող է ճանաչել երգչուհի Ռիհաննային:

Լավագույն տղամարդ կատարողի անվանակարգում հաղթել է Ջասթին Թիմբերլեյքը:

Լավագույն կին կատարող է ճանաչվել Ֆերջին:

Լավագույն նորեկի մրցանակը ստացել է «Ջիմ Քլաս Հիրոուզ»-ը:

Լավագույն խումբ է ճանաչվել «Ֆոլ Աութ Բոյ»-ը:


Բիձա Ռոքեր

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG