Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինացի լրագրողները պարզել են սոցհարցումների «արդյունքների» գինը


«Ի՞նչ արժեն պատվիրված սոցհարցումները», - այս հարցի պատասխանը գտնելու` ուկրաինացի լրագրողների ցանկությունը դարձել է նախընտրական սկանդալի առիթ:

Ուկրաինայում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին Կիեւում լույս տեսնող «Սեգոդնյա» օրաթերթի լրագրողները որոշել են զանգահարել երկրի ամենահայտնի սոցիոլոգներից մեկին եւ ներկայանալով որպես ամենացածր վարկանիշ ունեցող կուսակցության ակտիվիստներ` պատվիրել սոցհարցման համապատասխան «արդյունքներ»:

Կիեւում գործող Շեւչենկոյի անվան սոցիոլոգիական եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Բոնդարենկոյին լրագրողները պատվիրել են, որպեսզի քչերին հայտնի «Քրիստոնեական դաշինք»-ի վարկանիշը իրականից 5-6 անգամ բարձր ներկայացվի:

«Հնարավո՞ր է արդյոք, որպեսզի մեր կուսակցության վարկանիշը լինի մոտ 2,5 տոկոս», - հարցրել է դաշինքի նախընտրական շտաբի աշխատակից ներկայացած լրագրողուհին եւ ստացել դրական պատասխան:

2,5 տոկոսը ուկրաինական ընտրությունների համար շատ լուրջ ցուցանիշ է, քանի որ խորհրդարանում ներկայացված լինելու համար քաղաքական ուժերին անհրաժեշտ է հաղթահարել 3 տոկոսի շեմը:

«Սեգոդնյա»-ի թղթակիցները նաեւ ճշտել են պատվիրված հարցման գինը եւ ստացել հստակ պատասխան` «Քրիստոնեական դաշինք»-ին 2,5 տոկոս «շնորհելը» արժե 4 հազար ամերիկյան դոլար:

Երբ «Սեգոդնյա»-ի աշխատակիցները վճարել են պահանջվող գումարը, Բոնդարենկոն մամուլի ասուլիս է հրավիրել` ուղիղ եթերում ազդարարելով «Քրիստոնեական դաշինք»-ի վարկանիշի կտրուկ աճի մասին:

«Կարծում եմ, որ վարկանիշի նման աճը բնական է: Դաշինքի ներկայացուցիչները խոսում են քրիստոնեական արժեքներից, իսկ մարդիկ հակված են մտածելու, որ հավատացյալ քաղաքական գործիչները կկատարեն իրենց նախընտրական խոստումները», - ասուլիսի ժամանակ հայտարարել է Վլադիմիր Բոնդարենկոն:

Ասուլիսից հետո «Սեգոդնյա»-ն բացահայտել է կատարված գործարքի մասին տեղեկությունները` հրապարակելով նաեւ սոցիոլոգի հետ հեռախոսային բանակցությունների ձայնագրությունը:

Այժմ Շեւչենկոյի անվան կենտրոնի ղեկավարը սպառնում է դիմել դատարան` պնդելով, թե կատարվածը պարզ սադրանք է:

Այդուհանդերձ, ընտրություններից երեք շաբաթ առաջ, ըստ ուկրաինական պարբերականների, քաղաքական ուժերը գերադասում են մեծ վերապահումով վերաբերվել բոլոր տեսակի սոցհարցումներին: Այսպես, տեղական մամուլի պնդմամբ, ներկայումս հրապարակվող գրեթե բոլոր հետազոտություններում Յուլիա Տիմոշենկոյի դաշինքի ցուցանիշը ավելացված է մոտ 4 տոկոսով, իսկ սոցիալիստներինը` ավելի քան երկու անգամ:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG