Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 8-ը սեպտեմբերի)


«Չորրորդ իշխանություն»-֊ը գրում է. - «Հետաքրքիր է՝ հասարակությունն ինչի՞ հետ է ասոցիացնում Լեւոն Տեր-֊Պետրոսյանի անունը: Անկախություն, պատերազմ, ցրտի ու խավարի տարիներ: Այո, իշխանական քարոզչամեքենան ի վերջո հասել է նպատակին՝ Լեւոն Տեր-֊Պետրոսյանի անունը նաեւ «ցրտի ու խավարի տարիների» հետ է ասոցիացվում: Բայց ուշադրություն դարձրեք՝ բոլոր այս երեք երեւույթներն էլ լրջագույն մարտահրավերներ էին՝ ուղղված Հայաստանին, եւ Լեւոն Տեր-֊Պետրոսյանի իշխանության տարիներին բոլոր երեքն էլ լավագույնս հաղթահարվել են: Հայաստանը որպես անկախ պետություն կայացել է, պատերազմում հաղթել ենք, Հայաստանը հաղթահարել է էներգետիկ ճգնաժամը: Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչի՞ հետ է ասոցիացվում Սերժ Սարգսյանի անունը: Փողոցում մոտեցեք ցանկացած մեկին եւ տվեք Սերժ Սարգսյանի անունը: Երեք հիմնական ասոցիացիաները կլինեն. կոռուպցիա, Մոնտե-Կառլո, Սաշիկ: Արդյո՞ք Հայաստանի նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավունք ունի մեկը, ով ժամանակին եղել է կոմսոմոլի ակտիվիստ, հետո՝ ՀՀՇ֊-ական, հետո՝ հանրապետական, եւ ամեն անգամ կուսակցական պատկանելությունը փոխել է ճիշտ այն պահին, երբ զգացել է, որ նախկին «թիմը» կորցնում է իշխանությունը»:

«Հայոց Աշխարհ»֊-ի մեկնաբանը կարծիք է հայտնում. - «Վստահաբար կարող ենք նշել, որ ընդդիմության 1998-2007 թվականների «գերազանց աշխատանքի» շնորհիվ 2008 թվականին, ըստ էության, տեղի է ունենալու նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի «վստահության հանրաքվեն». ընտրազանգվածը ոչ թե նախագահ է ընտրելու, այլ պատասխանելու է մեկ հարցի՝ վստահո՞ւմ է, արդյոք, Սերժ Սարգսյանին»:

Իսկ «Առավոտ»֊-ը փաստում է. - «Գելափ» սոցիոլոգիական կենտրոնի այս տարվա հուլիսին իրականացրած հետազոտության համաձայն՝ հարցին, թե «նախագահի թեկնածուներից ո՞ւմ կտայիք ձայնը, եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի»՝ հարցվածների 23 տոկոսը նշել է Սերժ Սարգսյանին: Մեկ այլ հարցի՝ «ուրիշ ի՞նչ թեկնածուի օգտին կարող եք քվեարկել, եթե ինչ-֊ինչ պատճառներով ձեր առաջին ընտրությունն անհնար լինի»՝ եւս 7 տոկոսը նշել է վարչապետի անունը: Միեւնույն ժամանակ, հարկ է նկատել, որ աճել է այն մարդկանց տոկոսը, որոնք երբեւէ չեն քվեարկի Սերժ Սարգսյանի օգտին: 2006֊-ի հոկտեմբերին եւ 2007-֊ի մարտին 10 տոկոսն էր տվել Սերժ Սարգսյանի անունը «քաղաքական ո՞ր գործչի օգտին է, որ դուք երբեք չէիք քվեարկի» հարցին ի պատասխան, իսկ այս տարվա հուլիսին՝ արդեն 13 տոկոսը: Նշենք նաեւ, որ Սերժ Սարգսյանի դրական վարկանիշը 51 տոկոս է, իսկ բացասական վարկանիշը՝ 47 տոկոս: Եվ այս ցուցանիշով նա զիջում է Րաֆֆի Հովհաննիսյանին, որի դրական վարկանիշը հուլիսին 82 տոկոս էր, իսկ բացասականը՝ 15 տոկոս»:

«Իսկական իրավունք»-֊ը տեղեկացնում է. - «Պարզվում է, որ անցյալ տարի պետբյուջեից 108 միլիոն դրամ աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի ղեկավարած «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ» կոչված կառույցին: Հիմա մի հարց. ասացեք խնդրեմ, դուք որեւէ տեղ տեսե՞լ եք այդ ինստիտուտի կատարած քաղաքական հետազոտությունները կամ դրանց արդյունքը, կամ երբեւէ տեսե՞լ եք, որ նույն Գառնիկ Իսագուլյանն իր որեւէ հրապարակային ելույթում քաղաքագիտական մտքի նշույլ անգամ արտահայտի, այլ ոչ թե, ընդհակառակը, դառնա քաղաքական գործիչների եւ լրագրողների ծաղրի առարկա: Իհարկե, չեք տեսել: Եվ զարմանալով հանդերձ, մնում է հարցադրել. ինչի՞ վրա է, գրողը տանի, ծախսվել շուրջ 300 հազար դոլար պետական փողը»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG