Մատչելիության հղումներ

Կոնգրեսում հաշվետվությամբ հանդես կգան Իրաքում ամերիկյան զորքերի հրամանատարը եւ ԱՄՆ-ի դեսպանը


Այսօր Միացյալ Նահանգների Կոնգրեսում հաշվետվությամբ են հանդես գալու Իրաքում ամերիկյան զորքերի հրամանատար Դեյվիդ Փեթրեուսը եւ Իրաքում ԱՄՆ-ի դեսպան Ռայան Քրոքերը:

Այս տարի Իրաքում ամերիկյան զորքերը ավելացան եւս 5 բրիգադով. հիմա Իրաքում 170-հազարանոց ամերիկյան զորք կա:

Ակնկալվում է, որ Կոնգրեսում գեներալը կներկայացնի զորքերի ավելացումից հետո ձեռք բերված հաջողությունները: Ուրբաթ օրը Փեթրեուսը վստահեցրել է, թե Իրաքի որոշ շրջաններում նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը, գերեվարել են կամ ոչնչացրել Ալ Ղաիդայի տասնյակ հրամանատարների, հազարավոր զինյալների: Միաժամանակ, նա նշել է, որ քաղաքական ոլորտում հաջողություններ չկան:

Փորձագետները հնարավոր են համարում, որ գեներալը Կոնգրեսում մեծամասնություն կազմող դեմոկրատների քննադատությունները մեղմելու համար նաեւ դիվանագիտական քայլ կատարի, օրինակ` առաջարկի մեկ բրիգադ հանել Իրաքից: Սակայն, ընդհանուր առմամբ, ակնկալվում է, որ Փեթրեուսը կպնդի, որպեսզի զորքերը Իրաքում շարունակեն գործողությունները, քանի որ իրական արդյունքներ կան:

Կիրակի օրը հրապարակվել են «Վաշինգտոն փոստ»-ի եւ «Էյ Բի Սի - Նյուս»-ի հարցումների արդյունքները. ամերիկացիների կարծիքները գրեթե հավասար կիսվում են` 60 տոկոսը գտնում է, որ ամերիկյան զորքերը Իրաքում հաջողության չեն հասել, իսկ 58 տոկոսի կարծիքով` զորքերի ավելացումից հետո որոշ հաջողություններ, այնուամենայնիվ, արձանագրվել են:

Իրաքի քաղաքական իրավիճակը ներկայացնելու է դեսպան Քրոքերը: 2003 թվականին նա դեմ էր, որ ամերիկյան զորքերը Իրաք մտնեն, սակայն հիմա, ինչպես կանխատեսում են փորձագետները, նա հանդես կգա պատերազմը շարունակելու օգտին:

Դեմոկրատները վաղուց են հանդես գալիս ամերիկյան զորքերը Իրաքից դուրս բերելու օգտին, սակայն այդ ուղղությամբ որեւէ իրական արդյունք նրանց չի հաջողվում արձանագրել: Փորձագետները հնարավոր են համարում, որ դեմոկրատները փորձեն փոխզիջումների գնալ, օրինակ` զորքերը դուրս բերելու կոնկրետ ժամկետներ չսահմանել:

Կիրակի օրը Իրաքի կառավարությունը ամերիկյան զորքերը երկրից դուրս բերելու դեմ է արտահայտվել: Կառավարության մամուլի խոսնակն ասել է, որ ամերիկյան զորքերը կանխում են ահաբեկիչների վերադարձը: Նրա խոսքերով, միջազգային զորքերի օժանդակության կարիքը դեռեւս կա, եւ զորքերը դուրս բերելու գրաֆիկ կազմելու ժամանակը չէ:

Իրաքյան պատերազմի ընթացքում զոհվել են ավելի քան 3 հազար 700 ամերիկացի զինծառայողներ, տասնյակ հազարավոր իրաքցիներ, միլիոնից ավելի մարդիկ փախստական են դարձել, ծախսվել է շուրջ կես տրիլիոն դոլար:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG