Մատչելիության հղումներ

Աշխարհի բնակչության մեծ մասը Իրաքից օտարերկրյա զորքերի դուրսբերման կողմնակից է


Աշխարհի բնակչության մեծ մասի կարծիքով` օտարերկրյա զորքերը պետք է դուրս բերվեն Իրաքից: Այդ են վկայում BBC-ի համաշխարհային ծառայության անցկացրած հարցումների արդյունքները:

22 երկրներում անցկացված հարցումներին մասնակցել է 23 հազարից ավելի մարդ:

Հարցվածների 67 տոկոսը Իրաքից զորքերի դուրսբերման կողմնակից է, ընդ որում 39 տոկոսի կարծիքով` դա պետք է արվի անհապաղ, իսկ 28 տոկոսը կողմ է զորքերի աստիճանաբար դուրսբերմանը:

Հարցվածների գրեթե կեսը համոզված է, որ Միացյալ Նահանգները մշտական ռազմակայաններ կպահի Իրաքում:

22 երկրներից 19-ում գերիշխող է այն կարծիքը, որ զորքերը պետք է դուրս բերվեն անհապաղ կամ աստիճանաբար:

Միացյալ Նահանգների բնակչության 32 տոկոսը գտնում է, որ զորքերը պետք է մնան Իրաքում: Գրեթե երկու անգամ շատ են դրանց դուրսբերման կողմնակիցները: Ընդ որում` գերիշխում է զորքերը մեկ տարվա ընթացքում դուրս բերելու օգտին արտահայտված ամերիկացիների թիվը:

Այս վերջին տարբերակի օգտին է արտահայտվել կոալիցիայի այն երկրների բնակիչների մեծամասնությունը, որոնք Իրաքում մեծաքանակ զորախմբեր ունեն` Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Հարավային Կորեա:

Զորքերի անհապաղ դուրսբերման օգտին հիմնականում հանդես են գալիս մահմեդական երկրները: Ինդոնեզիայում, օրինակ, նման կարծիք է հայտնել հարցվածների 65 տոկոսը, Թուրքիայում` 64, Եգիպտոսում` 58:

BBC-ն հարցումն անցկացրել է Globe Scan ընկերության եւ Մերիլենդի համալսարանի «Միջազգային քաղաքականության մոտեցումների» ծրագրի հետ համատեղ:

Globe Scan-ի նախագահ Դուգ Միլերն ասել է. - «Միջազգային հանրության, ինչպես նաեւ ամերիկացիների կարծիքները ցույց տվեցին, որ նրանք դեմ են Բուշի վարչակազմի քաղաքականությանը, որը Իրաքից զորքերի դուրսբերումը պայմանավորում է Իրաքի անվտանգության իրավիճակով»:

Հայաստանը Իրաքում փոքր զորախումբ ունի` 46 մարդ` վարորդներ, սակրավորներ եւ բժիշկներ:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG