Մատչելիության հղումներ

«Ազգային միաբանություն»-ը վերահաստատում է իր առաջնորդի առաջարկը


«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահությունը վերահաստատում է կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի առաջարկը` ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների հանդիպումներին մասնակից դարձնել նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ վարչապետ Սերժ Սարգսյանին:

«Ավելին, նպատակահարմար ենք գտնում ընդլայնել նման հանդիպումների շրջանակը՝ ընդգրկելով թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր այլ կուսակցությունների առաջնորդներին», - ասված է «Ազգային միաբանության» նախագահության այսօրվա հայտարարությունում: - «Մենք հույս ենք հայտնում, որ ՀՀ նախագահի բոլոր թեկնածուները, առաջնորդվելով հայոց պետականության ամրապնդման ապահովման հրատապ դարձած գերխնդրի լուծման առաջնահերթությունով, նախընտրական շրջանում հանդես կգան համատեղ հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման սկզբունքների շուրջ միասնական դիրքորոշման մասին»:

Վերլուծելով «Հարավային Կովկասի զարգացումներով շահագրգիռ երկրների ղեկավարների կողմից վերջին շրջանում արված հայտարարությունները, ինչպես նաեւ ուժի միջազգային կենտրոնների որդեգրած մոտեցումները», «Ազգային միաբանություն»-ը արձանագրում է, որ դրանք «հղի են տարածաշրջանային խիստ վտանգավոր զարգացումներով». - «Այդ պարագայում մենք չենք բացառում վերջիններիս հնարավոր փորձերը` խնդրո առարկայի կապակցությամբ ներազդելու ՀՀ նախագահի թեկնածուների վրա: Հաշվի առնելով նման զարգացումների հավանականությունը, «Ազգային միաբանություն» կուսակցությունը կարեւորում է ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների լիդերների հանդիպումներին նաեւ իշխանական կուսակցությունների առաջնորդներին եւ Ռոբերտ Քոչարյանին մասնակից դարձնելը»:

«Մակերեսային» որակելով Գեղամյանի վերոհիշյալ առաջարկի մեկնաբանությունները մամուլում եւ հեռուստատեսությամբ` կուսակցությունը հայտարարում է. - «Հայոց պետականության համար ստեղծված այս տագնապահարույց իրավիճակում ցանկացած դրսեւորում եւ գործողություններ, որոնք միտված կլինեն պառակտել ու մասնատել հասարակությունը, ժողովրդին, ում կողմից էլ դրանք հրահրվեն, խստորեն դատապարտվելու են «Ազգային միաբանություն» կուսակցության կողմից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG