Մատչելիության հղումներ

Ֆրանսիացի սոցիալիստները պարտադիր են համարում Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից


Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը կողմ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների շարունակմանը եւ գտնում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը պարտադիր է Թուրքիայի համար, իսկ Հայաստանի հետ սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը օր առաջ պետք է տեղի ունենան:

Այդ մասին ասել է կուսակցության առաջին քարտուղար Ֆրանսուա Հոլանդը այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ:

Հոլանդի խոսքերով, Հայաստանը Ֆրանսիայի եւ ֆրանսիացիների համար հատուկ նշանակություն ունի, ինչի վառ ապացույցն են Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի այցը Հայաստան, Հայաստանի տարվա անցկացումը Ֆրանսիայում, ինչպես նաեւ ֆրանսահայ համայնքը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Վարդան Օսկանյանը նշել է, որ հայ - ֆրանսիական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, եւ այդտեղ զգալի ներդրում ունի հենց Սոցիալիստական կուսակցությունը:

Նախարարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, հարաբերությունները հարեւանների հետ, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը, հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:

Խոսելով Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու հարցի մասին` Հոգլանդը լրագրողների հետ հանդիպմանը ասել է. -«Մենք չենք կարող թույլ տալ, որ Եվրամիության անդամ դառնա մի պետություն, որը չի ճաաչում իր սխալները: Եվ մենք դա պնդում ենք ոչ թե Թուրքիայի անդամակցության գործընթացը բարդացնելու, այլ հակառակը` բարդացնելու համար»:

Ֆրանսուա Հոլանդի գլխավորած պատվիրակությանը ընդունել է նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Ֆրանսուա Հոլանդն ասել է, որ իրենց կուսակցությունը մշտապես աջակցել է Հայաստանի շահերին առնչվող նախաձեռնություններին եւ պատրաստ է առավելագույնս նպաստելու երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանն ուղղված նոր ծրագրերի ու առաջարկների իրականացմանը:

Խոսվել է նաեւ տարածաշրջանային զարգացումներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող խնդիրների մասին:

Վարչապետ Սերժ Սարգսյանը ֆրանսիական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Հայաստանի քաղաքական ու տնտեսական ներկա վիճակը, զարգացման հեռանկարները, հարաբերությունները հարեւան երկրների հետ, հայ - ֆրանսիական հարաբերությունների հետագա ամրապնդման հնարավորությունները տնտեսական, քաղաքական, կրթական, մշակութային եւ մի շարք այլ բնագավառներում:

Հայաստանի կառավարության ղեկավարն անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտությանը` շեշտելով, որ այս խնդիրը ռազմական ճանապարհով լուծում չունի: Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդությամբ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կկարգավորվի, եւ ընդգծել է, որ Ֆրանսիան եւս, իբրեւ համանախագահող երկիր, այս ուղղությամբ մեծ աշխատանք է կատարում:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետը ասել է նաեւ, որ յուրաքանչյուր հայ հարգանք է տածում այն ժողովուրդների, կազմակերպությունների եւ անհատների նկատմամբ, ովքեր ցեղասպանությունների ճանաչմանը եւ դատապարտմանը միտված իրենց գործունեությամբ նպաստում են ոչ միայն պատմական արդարության վերականգնմանը, այլեւ հետագայում մարդկության դեմ ուղղված նման ոճրագործությունների կանխարգելմանը:

Սոցիալիստական կուսակցության եւ անձամբ Ֆրանսուա Հոգլանդի ջանքերի շնորհիվ անցյալ տարվա հոկտեմբերին Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը: Սոցիալիստ սենատորները նույնպես օրենքի օգտին քվեարկելու պատրաստակամություն են հայտնում, սակայն Սենատի օրակարգին այն պետք է ներկայացնի քաղաքական այժմյան մեծամասնությունը:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG