Մատչելիության հղումներ

Դաշնակցական պատգամավորը վստահ է, որ իրենց թեկնածուն լինելու է «իշխանական կոալիցիայի հիմնական մրցակիցը»


Հայ հեղափոխական դաշնակցության բարձրաստիճան ներկայացուցչի համոզմամբ, 2008 թվականի նախագահական ընտրություններում իշխանական կոալիցիայի թեկնածուի հիմնական մրցակիցը կլինի Դաշնակցության թեկնածուն:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. - «Այսօր, երբ Հանրապետական կուսակցությանը եւ «Բարգավաճ Հայաստան»-ը, ելնելով իրենց մեջ կնքված հուշագրից, հանդես են գալիս որպես մեկ քաղաքական թեկնածու պաշտպանող դաշինք, Դաշնակցությունը, որ երրորդ տեղում էր ընտրությունների արդյունքում, դառնում է երկրորդ մրցակից ուժը»:

«Նկատի ունեմ` իր ձայների քանակով, իր զբաղեցրած տեղով», - պարզաբանեց Շահբազյանը` շարունակելով. - «Դաշնակցությունը հավաքել է ձայների [ընդդիմադիր դաշտից] առավել մեծ քանակը: Դաշնակցությունը ներկայանում է [որպես] մի կուսակցություն, որը գործում է ամբողջ Հայաստանի տարածքում, ունի գործուն կառույց, ունի գաղափարախոսություն, ունի քաղաքական ծրագիր, վերջապես` ունի թիմ: Այնսինքն` Դաշնակցությունը դառնում է հիմնական մրցակիցը»:

Հարցին, թե արդյո՞ք իր ասածը նշանակում է, որ Դաշնակցությունը ավելի ցածր է գնահատում իր հնարավորությունները ՀՀԿ-ի թեկնածուի հետ պայքարումը, պատգամավորը պատասխանեց, որ ՀՅԴ-ն պատրաստվում է հաղթել ընտրություններում:

«Մենք այն քաղաքական ուժն ենք, որը բավական լրջորեն պիտի չափի ու ձեւի` մտնելու համար այսպիսի գործընթացների մեջ», - ավելացրեց Շահբազյանը: - «Մենք այն քաղաքական ուժն ենք, որի համար գործընթացին մասնակցելը ուղղակի քաղաքական ասպարեզում մնալու միջոց չէ... Մի շարք հանգամանքներ նկատի առնելով` մտածում ենք, որ բավական իրական շանսեր ունենք, եւ կարող ենք լուրջ մրցակից լինել»:

«Մենք մեր քննադատությունը չենք կապում անձերի հետ», - շարունակեց նա: - «Մենք հասկանում ենք, որ համակարգային փոփոխություններ են պետք»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG