Մատչելիության հղումներ

logo-print

Բաքվում կրկին բերման են ենթարկվել «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստները


Այսօր Բաքվում ոստիկանները կրկին շրջափակել են «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» գրասենյակը եւ ոստիկանության բաժին տարել կազմակերպության նախագահ Ակիֆ Նաղիին ու եւս մեկեւկես տասնյակ ակտիվիստների: Դրանով իսկ իրավապահները կանխել են Ադրբեջանի մայրաքաղաք Հայաստանի ոստիկանապետ Հայկ Հարությունյանի այցի դեմ ծայրահեղականների ծրագրած բողոքի ակցիան:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ, ոստիկանները նաեւ ստիպողաբար ավտոբուսներն են նստեցրել լրագրողներին` այդ թվում APA, «Թրենդ», «Դողան» գործակալությունների, ATV հեռուստատեսության, «Խուրալ» թերթի թղթակիցներին: Ավտոբուսում վեճ է ծագել լրագրողների եւ իրավապահների միջեւ: Կես ժամ անց լրատվամիջոցների ներկայացուցիչները ազատ են արձակվել:

Նաղիին եւ իր գլխավորած կազմակերպության ակտիվիստներին ոստիկանություն բերման էին ենթարկել նաեւ երեկ, սակայն նախազգուշացումից հետո ազատ էին արձակել:

Հայաստանի ոստիկանության պետը Բաքվում մասնակցում է ԱՊՀ-ի երկրների ներքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Նիստը բացել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը, ով, մասնավորապես, հայտարարել է, որ ԱՊՀ-ի երկրների համագործակցությանը խոչընդոտում են տարածքային հակամարտությունները, որոնցից մեկը ղարաբաղյան խնդիրն է:

«Ադրբեջանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, հանդես է գալիս երկրի տարածքային ամբողջականության վերականգնման եւ փախստականների` իրենց հողերը վերադառնալու օգտին», - ասել է Մեհթիեւը:

Նա նաեւ մատնանշել է Ադրբեջանի զարգացման «ակտիվ գործընթացը»` վստահեցնելով, որ երկրում «զարգանում են ժողովրդավարական իրավունքները եւ ազատությունները»:

«Մենք հաջողությամբ ինտեգրվում ենք միջազգային հանրությանը: Մեր երկիրը վարում է խաղաղության վրա հիմնված արտաքին քաղաքականություն: Անցկացվող բարեփոխումների արդյունքում ադրբեջանական տնտեսությունը դարձել է ամենաարագացված զարգացողը աշխարհում», - հայտարարել է Ռամիզ Մեհթիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG