Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ»-ը դաշնակցական պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի տպավորությունն է փոխանցում Աշոտ Բլեյանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր վարչապետ Սերժ Սարգսյանի այցից: «Շատ բարձր եմ գնահատում այդ այցելությունը, ճիշտն ասած` ցնցակաթված ունեցա, բայց հետո, մեկ էլ հանկարծ մտածեցի` ահավասիկ, մարդ, քաղաքական գործիչ, որը հավակնում է դառնալ հանրապետության նախագահ եւ անկախ նրանից իրեն ով «այո» կասի կամ` «ոչ» կասի, ձեռք է մեկնում բոլորին», - ասել է Ալվարդ Պետրոսյանը:

Նախագահական ընտրություններին ընդառաջ «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը շեշտադրել է. - «Իշխանությունն ամեն ինչ անում է ընտրություններին հնարավորինս շատ թեկնածուներ ներգրավելու համար։ Պարտադիր չէ, որ դա տեղի ունենա ամեն մի թեկնածուի հետ առեւտրի մեջ մտնելու արդյունքում։ Օգտագործվում են նաեւ քաղաքական գործիչների տիեզերական ամբիցիաները եւ սեփական հնարավորությունների ոչ սթափ գնահատականը: Բազմաթիվ ընդդիմադիր կամ կիսաընդդիմադիր թեկնածուներ հավաքագրելու մեջ, բնականաբար, շահագրգռված է իշխանությունը, քանի որ ա) քաղաքական գործիչների բազմաձայն աղմուկը «շշկռացնում» է ընտրողներին, բ) պառակտում է ընդդիմադիր ընտրազանգվածը»։

«Գեղամյանին նորից ակտիվացնում են» վերնագրի տակ «168 ժամ» թերթը փոխանցել է, թե «օրերս Արտաշես Գեղամյանը ոչ իր նախաձեռնությամբ հանդիպման էր հրավիրվել նախագահական նստավայրից մի շատ բարձրաստիճան պաշտոնյայի մոտ, որից հետո «Ազգային միաբանություն»-ում կարծես թե «վերակենդանացման միտումներ են նկատվում՝ թե’ ֆինանսական եւ թե’ քաղաքական ակտիվության առումով։ Ըստ նույն աղբյուրների՝ վերջերս նախագահական նստավայրում մի նոր նախագիծ են ծրագրել, որն ուղղված է լինելու Արտաշես Գեղամյանին նորից ակտիվացնելուն, եւ որպեսզի Ազգային ժողովի ընտրությունների անհաջողությունից հետո նախագահական հավակնություններից հրաժարված «Ազգային միաբանության» առաջնորդը նորից վերադառնա սեփական խաղին։ Հետաքրքրական է, որ ԱԺ-ի ընտրություններից առաջ էլ հիմնավոր լուրեր էին պտտվում, թե Գեղամյանի գործողությունները ղեկավարվում են ՀՀ նախագահի նստավայրի կողմից»։

«168 ժամ» թերթը պնդել է, թե արդեն մի քանի ամիս է, բանակցություններ են ընթանում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի, Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանի, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի եւ Հայկ Բաբուխանյանի միջեւ։ Բանակցությունների նյութը, ըստ թերթի, առաջիկա նախագահական ընտրություններում Վաղարշակ Հարությունյանին նախագահի թեկնածու առաջադրելու հարցն է. - «Դեպքերի բերումով վերոնշյալ գործիչների այս ձեւաչափը դժվար է պատահական համարել, քանի որ հայաստանյան քաղաքական դաշտում նրանք հայտնի են ռուսաստանյան որոշ ռազմական շրջանակների հետ իրենց անձնական կապերով, եւ չի բացառվում, որ քաղաքական այս «պրոյեկտը» նախագծված է Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հենց այդ շրջանակի կողմից»։

«Պարզվում է՝ Արշակ Սադոյանի եւ Շավարշ Քոչարյանի իշխանահաճո գործելակերպն այնքան էլ իշխանությունների նկատմամբ ունեցած անշահախնդիր սիրուց չէ», - գրում է «Ժամանակ - Երեւան» թերթը։ Վկայակոչելով Ազգային ժողովի նախկին «Արդարություն» խմբակցության մի պատգամավորի, թերթը պնդել է, թե «Արշակ Սադոյանը եւ Շավարշ Քոչարյանը ամսական 2 հազար դոլար աշխատավարձ են ստանում նախկին ԱԺՄ-ական, արդեն 10 տարի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանից»: Պատգամավորը թերթին պատմել է, թե «երբ դաշինքում քննարկվում էր, թե ինչպիսին է լինելու դաշինքի վերաբերմունքը Տիգրան Սարգսյանին՝ ԿԲ-ի նախագահի պաշտոնում հաստատելու հարցում, դաշինքի անդամ այս երկու պատգամավորները մի իսկական միտինգ են կազմակերպել՝ հայտարարելով, որ պետք է կողմ քվեարկել, քանի որ Սարգսյանը իսկական պետական գործիչ է եւ նրա գործողությունները բխում են մեր երկրի շահերից»։ «Նրանք հենց այդպես էլ վարվել են եւ կողմ են քվեարկել Սարգսյանի թեկնածությանը», - եզրափակել է թերթը։

«Հայկական ժամանակ»-ը ծանուցում է, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանականները մի քանի օր առաջ տեղափոխվել են Ազգային ժողովի նորակառույց շենքը, որտեղ պարզվել է, որ փոքր դահլիճում լրագրողների համար ընդհանրապես տեղեր չկան:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG