Մատչելիության հղումներ

Թուրքերը սկսել են վերանորոգել եւս մեկ հայկական եկեղեցի


Թուրքիայում՝ Աղթամարի Ս. Խաչ եկեղեցուց հետո եւս մեկ հայկական կոթող է վերականգնվում՝ Դիարբեքիրի (նախկին Տիգրանակերտի) Ս. Աստվածածին եկեղեցին:

Բացի այդ, սկսվել են Անիում հուշարձանների վերականգնման հնգամյա ծրագրի նախապատրաստական աշխատանքները: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին երեկ հայտնեց Հայաստանի մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը: Նրա կարծիքով, կարեւոր է փորձել, որ Հայաստանն էլ մասնագիտական մասնակցություն ունենա վերականգնողական աշխատանքներին՝ հուշարձանների պահպանության միջազգային հասարակական կազմակերպությունների միջոցով:

«Եթե Աղթամարի վերականգնմանը մեր մասնագետները չմասնակցեին, չէր լինի այն, ինչ որ հիմա կա, իսկ, մասնավորապես, Անիի դեպքում Թուրքիայում այդպիսի մասնագետներ չկան», - ասաց փոխնախարարը: - «Եթե Անիում վերականգնումը շարունակվի այնպես, ինչպես արվել են պարիսպները, դա մեզ համար կլինի անընդունելի, ոչ հայկական»:

Գագիկ Գյուրջյանը տեղեկացրեց, թե չորս տարի առաջ վերականգնված պարիսպներն արվել են ոչ թե աշխարհում որպես հայկական հայտնի միդիզ շարվածքով, այլ սալապատվել, երեսպատվել են:

Անիում արդեն իսկ վերականգնել են Պարոնի պալատը, պարիսպների մի հատված, կոնսերվացվել է Մայր Տաճարից դեպի Գագկաշեն տանող ճանապարհը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG