Մատչելիության հղումներ

Վրաստանում սկսել է աշխատել «հայրենասիրական» հեռուստակայանը


Անցած շաբաթվանից Վրաստանում ծրագրեր է եթեր հեռարձակում «Վրաստան» անունով նոր հեռուստակայանը, որը հայրենասիրական հաղորդումներ է պատրաստում: «Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, այդ հեռուստակայանի աշխատանքը մաս է կազմում Վրաստանում զինվորականների նկարագիրը բարձր պահելու եւ զինվորի հանդեպ հարգանք ձեւավորելու մեծ քարոզարշավի:

Մայրաքաղաք Թբիլիսիի փողոցներում ամենուր նկատելի են խրոխտ ու վճռական դեմքով երիտասարդ հպարտ զինվորների պատկերող ցուցապաստառներ, հեռուստակայանները պարբերաբար եթեր են հեռարձակում զինծառայությունը գովազդող տեսահոլովակներ, որոնք հասցեագրված են նորակոչիկներին: Պաշտպանության նախարարությունը համագործակցել է հեռուստակայաններից մեկի հետ բանակի առօրյային նվիրված «Զորանոց» «ռեալիթի-շոուն» պատրաստելու ընթացքում:

Վրաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Նանա Ինցկիրվելին հայտնել է, որ նոր հեռուստակայանը ցուցադրելու է «հայրենասիրական, ռազմական եւ պատմական թեմաներով ֆիլմեր եւ ուսումնադաստիարակչական հաղորդումներ»:

«Ծրագրի նպատակն է բարձրացնել հայրենասիրական ոգին հասարակության եւ բանակայինների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների շրջանում», - ասել է Նանա Ինցկիրվելին:

«Ասոշեյթեդ փրես»-ը նշում է, որ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Վրաստանի անվտանգությունն ամրապնդելու ծրագիրը հռչակել է իր առաջնահերթ խնդիրը եւ հետապնդում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունն իրագործելու նպատակ, որի շնորհիվ Վրաստանը կթուլացնի Կովկասում Ռուսաստանի պատմական ազդեցությունը:

Անցած շաբաթվա ընթացքում Վրաստանի կառավարությունը հաղորդել է 2007 թվականի ռազմական բյուջեն ավելացնելու եւ մինչեւ 769 միլիոն դոլարի հասցնելու մասին:

«Ասոշիեյթեդ փրես»-ը նշում է, թե Սահակաշվիլիի քննադատների կարծիքով, նախագահը չափից շատ է փառաբանում բանակը եւ չափազանցնում է դրսից Վրաստանին սպառնացող վտանգները:

Ընդդիմախոսներից շատերը մտահոգված են, որ Միխեիլ Սահակաշվիլին կարող է հայրենասիրական տրամադրությունների ալիքի վրա ռազմական արշավ սկսել` նպատակ ունենալով Թբիլիսիի ենթակայության տակ առնել Հարավային 0սիան եւ Աբխազիան:

«Ես չգիտեմ որեւէ այլ երկիր, որը խաղաղության պայմաններում այդքան փող է հատկացնում ռազմական ծախսերի համար», - ասել է Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար, այժմ ընդդիմադիր Սալոմե Զուրաբիշվիլին եւ հավելել. - «Զինվորական հեռուստակայանի աշխատանքի մեկնարկը եւ ռազմական ամբողջ քարոզչությունը վկայում են, որ մեր երկիրը բռնել է միլիտարիզացիայի ճանապարհը»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG