Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանում Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության պատվիրակությունը


Այսօր երեկոյան Երեւան կժամանի Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության պատվիրակությունը` կուսակցության առաջին քարտուղար Ֆրանսուա Հոլանդի գլխավորությամբ: Աշխատանքային այցը կատարվում է Հայ հեղափոխական դաշնակցության հրավերով:

Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Ռընե Ռուքեն եւ Բրունո լը Ռուն, կուսակցության խոսնակ Քարիմ Փակզադը, Հայ հեղափոխական դաշնակցության Արեւմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի անդամներ Մուրադ Փափազյանը եւ Ռիշար Անանյանը։

Պատվիրակությանը ընկերակցում են Դաշնակցության Արեւմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի եւ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի անդամներ, ֆրանսահայ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Վաղը պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու Դաշնակցության բյուրոյի եւ Հայաստանի գերագույն մարմնի, Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի, Ազգային ժողովի փոխնախագահի եւ Ազգային ժողովում Դաշնակցության խմբակցության, խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։

Պատվիրակությունը այցելելու է նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ֆրանսիացի սոցիալիստների պատվիրակությունը Փարիզ կվերադառնա սեպտեմբերի 7-ին։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Դաշնակցության Ֆրանսիայի գրասենյակի պատասխանատուներից Սերժ Մարտիրոսյանը, այցը նպատակ ունի «ցույց տալ լավ հարաբերությունները երկու կուսակցությունների միջեւ, մանավանդ Եվրոպական սոցիալիստական կուսակցության, Սոցիալիստական միջազգայնականի մակարդակով, նեցուկ լինել Հայ հեղափոխական դաշնակցությանը` Հայաստանի նախագահական ընտրություններից առաջ»:

«Եվ, վերջապես, Ֆրանսուա Հոլանդի համար հայաստանյան այս այցը հանդիսանում է շարունակությունը այն հանձնառությունների, որ նա ստանձնել է ֆրանսահայ համայնքի առջեւ Հայ դատի պաշտպանությամբ, անձամբ մասնակցելով նաեւ ապրիլի 24-ի երեք հաջորդական փարիզյան նշանավորումներին», - նշեց Մարտիրոսյանը:

Ֆրանսուա Հոլանդի հանձնառությամբ եւ Սոցիալիստական կուսակցության մղումով էր, որ անցյալ տարվա հոկտեմբերին Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը: Սոցիալիստ սենատորները պատրաստ են քվեարկել օրենքի օգտին, սակայն Սենատի օրակարգին այն պետք է ներկայացնի քաղաքական այժմյան մեծամասնությունը:


Ռուզան Կյուրեղյան, Փարիզ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG