Մատչելիության հղումներ

Լեհ գրողը սպանության համար 25 տարվա ազատազրկման է դատապարտվել


Լեհ գրող Քրիստիան Բալան այսօր 25 տարվա ազատազրկման է դատապարտվել` մեղավոր ճանաչվելով մի սպանություն կազմակերպելու համար, որը անչափ նման է իր իսկ գրքերից մեկում նկարագրված հանցագործությանը:

2003 թվականին լույս տեսած իր «Ամոկ» սարսափ-վեպում Բալայի նկարագրած սպանությունը, ինչպես բացահայտել են լեհ իրավապահները, գրեթե նույնական է 2000 թվականին կատարված մի լեհ գործարարի սպանությանը:

BBC-ի վկայությամբ, 2000 թվականի նոյեմբերին այդ գործարարի կապկպված եւ խոշտանգված մարմինը հայտնաբերվել էր լեհական Վրոցլավ քաղաքի մոտ` Օդեր գետի ափին:

Գործարարին առեւանգել էին, որոշ ժամանակ փակի տակ պահել առանց կերակրելու, այնուհետեւ ձեռքերը կապել էին մեջքին, որպեսզի չկարողանա լողալ, եւ գցել Օդեր գետը:

Յոթ տարի ոստիկանները ապարդյուն փնտրել են կասկածյալների եւ փորձել են պարզել հանցագործության շարժառիթները, մինչեւ որ նրանց ձեռքն է ընկել Բալայի գիրքը, որում նկարագրված է ճիշտ նույնպիսի սպանություն:

Մեղադրող կողմի պնդմամբ` Բալան կարող էր սպանել գործարարին խանդի հողի վրա` կասկածելով նրան իր կնոջ հետ սիրային կապ ունենալու մեջ:

Գրողը, սակայն, հերքում է մեղադրանքները` հայտարարելով, թե իր գրքի համար հիմք են ծառայել միմիայն լրատվամիջոցների հաղորդագրությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG