Մատչելիության հղումներ

Միգել Անխել Մորատինոս. «Ղարաբաղյան բանակցային գործընթացը որոշ փոփոխությունների կարիք ունի»


Առաջընթացի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը որոշ փոփոխությունների կարիք ունի: APA գործակալության փոխանցմամբ` երեկ Թբիլիսիում նման հայտարարություն է արել ԵԱՀԿ-ի գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսը:

«Թրենդ» գործակալության վկայությամբ` ԵԱՀԿ-ի գործող նախագահն ասել է, թե «Lեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ ժամանակն է երկխոսություն սկսել նոր ձեւաչափ գտնելու համար»:

Միգել Անխել Մորատինոսը Թբիլիսի է ժամանել Բրյուսելից, որտեղ հանդիպել էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

«Ես նրանց ասացի, որ ժամանակն է առաջ մղելու նոր նախաձեռնություններ, քանի որ ներկայիս ձեւաչափը երկու կողմին էլ չի բավարարում», - Թբիլիսում հայտնել է նա` ավելացնելով. - «Ժամանակն է նոր երկխոսություն վարել եւ ինչ-որ ելք գտնել այսօրվա իրավիճակից»:

«Մենք շատ ենք քննարկում Lեռնային Ղարաբաղի հարցը: Ես այցելել եմ ե’ւ Ադրբեջան, ե’ւ Հայաստան: Հանդիպել եմ այդ երկրների նախագահների, վարչապետների, արտաքին գործերի նախարարների հետ», - ասել է Մորատինոսը: - «Մենք ակնկալում էինք, որ սանկտպետերբուրգյան հանդիպմանը կողմերը ինչ-որ համաձայնության կգան, բայց այդ ուղղությամբ ոչ մի քայլ չկատարվեց»:

Նա նաեւ հիշեցրել է, որ ԵԱՀԿ-ը փորձել է հարցը քննարկել Նյու-Յորքում` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, սակայն` ապարդյուն:

«Իրավիճակն այնպիսին է, որ մեզ անհրաժեշտ են համագործակցության նոր շրջանակներ, եւ ես կարծում եմ, որ դա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացմանը նոր լիցք կհաղորդի», - հայտարարել է Մորատինոսը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG