Մատչելիության հղումներ

Երեքշաբթի երեկոյան Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ:

Նախարարը կարեւորել է Հայաստան - ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով (ԱԳԳԾ) սահմանված գործողությունների իրականացման ընթացքը` մասնավորապես ազգային անվտանգության ռազմավարության մշակումը, Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի բացումը, Հայաստանում Ճգնաժամերի կառավարման իրավիճակային կենտրոնի ստեղծման հետ կապված գործընթացը, պաշտպանական ոլորտի բարեփոխումներին ուղղված օրենսդրական նախաձեռնությունները:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Վարդան Օսկանյանը բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի եւ անդամ երկրների կողմից Հայաստան - ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի իրականացմանը ցուցաբերվող աջակցությունը, մասնավորապես, տրամադրվող խորհրդատվական օգնությունը, նաեւ ողջունել է ՆԱՏՕ-ի որոշումը Հայաստանում ՆԱՏՕ-ի փոխգործակցության նոր պատասխանատուի նշանակման մասին:

Կողմերն անդրադարձել են 26+1 ձեւաչափով Հայաստան - ՆԱՏՕ քաղաքական խորհրդակցությունների կազմակերպմանը:

Քննարկվել են մի շարք հարցեր ՆԱՏՕ-ի խաղաղարար գործողություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ներկայացրել է իր գնահատականները դաշինքի եւ Հարավային Կովկասի պետությունների միջեւ hամագործակցության վերաբերյալ: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Կոսովոյի հիմնահարցի, Աֆղանստանում տիրող իրավիճակի, տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Վարդան Օսկանյանը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG